Դիրքորոշում և արժեք

Ատեստավորման ենթական ուսուցիչների վերապատրաստում, 2022-2023 ուստարի

Դիրքորոշում և արժեք-վերապատրաստող մասնագետ՝ Մարիետ Սիմոնյան

ԱՇԽԱՏԱԺԱՄԱՆԱԿ

  • Սեպտեմբերի 12-15.00-16.00
  • Սեպտեմբերի 13-15.00-16.00
  • Սեպտեմբերի-14-15.00-16.00
  • Սեպտեմբերի 15-15.00-16.00
  • Սեպտեմբերի 16-16.00-16.00

Ուսումնական ծրագիր10 ժամ

Երրորդ խումբ

Դիրքորոշում և արժեք․ առաջին, երկրորդ հանդիպում

Առաջին պարապմունք

Կարդացեք «Կարողունակությունների կողմնորոշիչ շրջանակ ժողովրդական մշակույթի համար» փաստաթղթի 1-7-րդ գլուխները:

Կարդացել, դուրս եմ բերել:

Երկրորդ պարապմունք՝ տեքստային մշակում։

Օգտվելով «Կարողունակությունների կողմնորոշիչ շրջանակ ժողովրդական մշակույթի համար» փաստաթղթից՝ շարադրեք՝ ինչպե՞ս եք հասկանում ներքոնշյալ արտահայտությունները և գրե´ք Ձեր հիմնավորված վերաբերմունքը դրանց մասին:

  • քաղաքացիական դիրքորոշում

Քաղաքացիական դիրքորոշումը անձի հետաքրքրվածությունն ու ուշադրությունն է համայնքի կամ սոցիալական խմբի նկատմամբ։ Այն ենթադրում է վարքային և գիտակցական ավելի բարձր աստիճան, քան ընտանիքին է, կապերը, պատկանելությունը, շահը և այլն: Քաղաքացիական դիքորոշումը կապվում է իրավունքների իմացության, բարօրության ձգտման, հոգատարության զգացման, հավասարության և արդարության սկզբունքների հետ: Այն կապվում է համայնքային խնդիրներին մասնակցելու պատրաստակամության, համերաշխ երկխոսության, խնդիրները բարձրաձայնելու, երկխոսելու և շատ այլ գործառույթների հետ: Դպրոցը առաջին վայրն է, որտեղ երեխան հանդիպում է «գաղափարների», որից էլ ձևավարովում է ապագա քաղաքացին: Դպրոցում է ձևավարվում հետաքրքրված կամ չհետաքրքրված քաղաքացի լինելու ընթացքը:

  • ժողովրդավարական տարբեր հարցերի մասին հստակ դիրքորոշում

Ժողովրդավարական հասարակարգերում ակտիվ քաղաքացու կյանք վարելու, սովորողներին
պատրաստելու, արտոնելու ու հզորացնելու համար դպրոցներում պետք է ձևավորվեն սովորողի ինքնավստահությանը, սեփական կարծիքը հայտնելուն, քննադատական ընկալմանը նպաստող գործոններ: Դա պետք է արտացոլվի դպրոցների կառավարման մեջ, խթանի մարդու իրավունքների արժեքները, առաջ մղի ուսումնառուների, ուսումնամանկավարժական անձնակազմի և շահագրգիռ կողմերի, նաև՝ ծնողների արտոնումն ու ակտիվ մասնակցությունը:  Դպրոցը պետք է լինի այն վայրը, որտեղից սկսվում է ժողովրդավարական կրթությունը, որը պետք է ծառայի հետևյալ նպատակներին՝

1․ պատրաստել աշխատաշուկային.
2․ պատրաստել կյանքին՝ որպես ժողովրդավարական հասարակության
ակտիվ քաղաքացի.
3․ ապահովել անձնային զարգացում.
4․ ձևավորել և պահպանել լայն, առաջանցիկ գիտելիքի բազա։

Սովորողի մոտ պետք է ձևավորվեն ժողովրդավարական կարողունակություններ՝
արժեքներ, վերաբերմունք, հմտություններ, գիտելիք, դրանք մոբիլիզացնելու և գործածության մեջ դնելու ունակություն՝ ժողովրդավարական իրավիճակներով ներկայացված պահանջմունքներին, մարտահրավերներին և հնարավորություններին համապատասխան և
արդյունավետորեն արձագանքելու համար։ Այստեղ անպայման ներառվում է միջմշակութային կարողունակությունը:

  • Ժողովրդավարական մշակույթ,

Վերևում նշված ժողովրդավարական և միջմշակությանի կարողունակությունների յուրացումը ձևավորում է ժողովրդավարական մշակույթ: Ժողովրդավարական կարողունակությունները ձևավորվում են դպրոցից և զարգանում, փոխակերպվում են ամբողջ կյանքի ընթացքում:

Ժողովրդավարության մշակույթին հետևել նշանակում է լինեն ժողովրդական արժեքների կրողը, ունանալ վերաբերմունք, կողմնորոշում, գործելակերպ:

  • ժողովրդավարություն,

Ժողովրդավարական կրթությունը պետք է լինի անձի լիարժեք կրթության
համընդգրկուն և շաղկապված տեսլականի մի մասը։

Ժողովրդավարությունը ժողովրդի կողմից կամ ժողովրդի անունից կառավարման ձև է, որը չի կարող գոյություն ունենալ առանց ժողովրդավարական ինստիտուտների և օրենքների, որոնք էլ՝ առանց ժողովրդավարական մշակույթի և արժեքների, որոնց շարքում են՝

  • հանրային քննարկումների գործընթացի հանձնառում
  • սեփական կարծիքն արտահայտելու և այլոց կարծիքը լսելու պատրաստակամություն.
  • Կարողունակությունների կողմնորոշիչ շրջանակ՝ ժողովրդավարական մշակույթի համար
  • համոզմունք, որ կարծիքների տարբերություններն ու կոնֆլիկտները պետք է լուծվեն խաղաղ/ ոչ բռնի եղանակով.
  • մեծամասնության կայացրած որոշումների հանձնառում.
  • փոքրամասնությունների և նրանց իրավունքների պաշտպանության հանձնառում.
  • ճանաչում և ընդունում, որ մեծամասնական կառավարումը չի կարող վերացնել փոքրամասնությունների իրավունքները.
  • իրավունքի գերակայության հանձնառում։

  • մարդկային արժանապատվություն և մարդու իրավունքներ,

Բոլոր մարդիկ ունեն հավասար հարգանքի արժանանալու և մարդու
իրավունքների ու հիմնարար ազատությունների նույն շարքից օգտվելու հավասար
իրավունք, որը պետք է համապատասխան վերաբերմունքի արժանանան։
Մարդու իրավունքները համամարդկային են, անօտարելի ու անբաժանելի, որոնք առանց տարբերակման տարածվում են բոլորի վրա. մարդու իրավունքներն ապահովում է պաշտպանությունների նվազագույն շեմ, որը շատ կարևոր է մարդկանց՝ արժանապատիվ կյանքով ապրելու համար, և մարդու իրավունքներն աշխարհում ապահովում են
ազատության, հավասարության, արդարության և խաղաղության այս
առանցքային հիմքը։

Դպրոցը պետք է կարողանա գտելիքի, հմտության, դիրքորոշման և արժեքային բաղադրիչներով սովորողներին փոխանցի որպես գիտակից քաղաքացիների, մարդկային հավասարությունների մասին հետևյալ արժեքները՝

  1. գիտակցում, որ բոլոր մարդկանց բնորոշ է ընդհանուր մարդասիրությունը
    և հավասար արժանապատվությունը
  2. գիտակցում, որ մարդու իրավունքները համամարդկային, անօտարելի
    և անբաժանելի են.
  3. գիտակցում, որ մարդու իրավունքները պետք է միշտ խթանել, հարգել
    ու պաշտպանել.
  4. գիտակցում, որ հիմնարար ազատությունները միշտ պետք է
    պաշտպանված լինեն, քանի դեռ դրանք չեն ստորադասում կամ
    խախտում այլոց մարդու իրավունքները.
  5. գիտակցում, որ մարդու իրավունքները հիմք են ծառայում որպես
    հասարակության հավասար անդամներ միասին ապրելու, ինչպես նաև
    աշխարհում ազատության, արդարության և խաղաղության համար։
  • մշակութային բազմազանություն,

Այն ամենատարբեր մշակույթների բազմազանությունն է: Այն նշանակում է հարգանք այլ մշակութային ուղղությունների հանդեպ, որոնք իրենց ուրույն առանձնահատկություններով՝ կենցաղային, գաղափարային, ժողովրդավարական, քաղաքական և այլն, տարբեր են մյուսներից։ Երբեմն «մշակութային բազմազանություն» տերմինն օգտագործվում է՝ ցույց տալու համար մարդկային համայնքների կամ մշակույթների գոյությունը որևէ որոշակի տարածքում կամ առհասարակ աշխարհում։ 

Մշակութային տեսանկյունից բազմազան հասարակություններում
ժողովրդավարական գործընթացներին ու հաստատություններին պետք է
միջմշակութային երկխոսություն, որը ամենակարևոր եղանակն է, որով քաղաքացիները այլ մշակութային պատկանելության անձանց կարող են իրենց տեսակետները հայտնել։
Նաև այն միջոց է, որով որոշում կայացնողները կարողանում են հասկանալ բոլոր քաղաքացիների տեսակետները՝ հաշվի առնելով նրանց՝ տարբեր ինքնավերագրված մշակութային պատկանելությունները։ Մշակութային բազմազանություն ունեցող հասարակարգերում միջմշակութային երկխոսությունը վճռորոշ է բոլոր քաղաքացիների՝ հանրային քննարկմանն ու որոշումների կայացմանը մասնակցելու հավասար հնարավորություններ ապահովելու գործում։ Ժողովրդավարությունը և միջմշակութային
երկխոսությունը փոխլրացնող են մշակութային բազմազանություն ունեցող
հասարակարգերում։
Միջմշակութային երկխոսությունը պահանջում է հարգանք զրուցակցի
նկատմամբ։ Առանց հարգանքի՝ այլ մարդկանց հետ հաղորդակցությունը
դառնում է կա՛մ թշնամական, կա՛մ պարտադրված։

  • իրավունքի գերակայություն,

Իրավունքի գերակայությունը սահմանվում է որպես «կառավարման սկզբունք, որի պարագայում բոլոր անձինք, մարմիններն ու հանրային ու մասնավոր կառույցները, ներառյալ պետությունը, հաշվետու են օրենքների առջև, այդ օրենքները հասանելի են բոլորին, հավասարապես կիրառվում և մեկնաբանվում են անկախ դատարանների կողմից,  համապատասխանում են մարդու իրավունքների պաշտպանության միջազգային ստանդարտներին ու նորմերին»:

Այն արտացոլում է կրթության երկար ավանդույթ, որը հիմնված է մարդասիրական
գաղափարների վրա: Այն հարատև գործընթաց է, որը մարդկանց թույլ է տալիս իրենց կյանքի վերաբերյալ անկախ ընտրություն կատարել, ընդունել դիմացինին որպես հավասար և իմաստալից շփվել նրանց հետ։ Սա նշանակում է, որ սովորողները համարվում են իրենց
ուսումնառության ակտիվ պատասխանատուներ, այլ ոչ պարզապես գիտելիք
ստացողներ կամ արժեքների փոխանցման օբյեկտներ։

  • օրենքի գերակայություն, արդարադատություն,

Օրենքի գերակայություն նշանակում է, որ բոլորը հավասար են օրենքի առաջ:

Նրա պահանջն է՝ արժանապատվությունը, ազատությունը և մարդու իրավունքների պաշտպանությունը։

Հանրակրթական դպրոցներում կրթության նպատակներից մեկը պետք է լինի սովորողին
տալ գիտելիք, հմտություններ և ընկալում՝ զարգացնել նրանց վերաբերմունքն ու վարքագիծը, որպեսզի նրանք իրենց նպաստը բերեն հասարակության մեջ մարդու իրավունքների համամարդկային մշակույթի ձևավորմանն ու պահպանմանը՝ մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների խթանման ու պաշտպանության նպատակով:

Արժեքների այս խումբը հետևյալն է՝

  1. աջակցություն ժողովրդավարական գործընթացներին և
    ընթացակարգերին
  2. ակտիվ քաղաքացիության կարևորության գիտակցումը
  3. քաղաքական որոշումների կայացմանը քաղաքացիների
    ներգրավվածության կարևորության գիտակցումը.
  4. քաղաքացիական ազատությունների, այդ թվում՝ փոքրամասնական
    դիրքորոշում ունեցող անձանց քաղաքացիական ազատությունները
    պաշտպանելու անհրաժեշտության գիտակցում.
  5. աջակցություն հակամարտությունների և վեճերի խաղաղ լուծմանը.
  6. սոցիալական արդարության և սոցիալական պատասխանատվության
    զգացում
  7. նպաստել իրավունքի գերակայությանը և բոլոր քաղաքացիների
    նկատմամբ հավասար և անկողմնակալ վերաբերմունքին՝ օրենքի
    շրջանակներում, որպես արդարադատության ապահովման միջոց։
  • հավասարություն,

Այլոց իրավունքների արժևորումը լավագույնս ընկալվում է կրթական այնպիսի միջավայրում, որտեղ յուրաքանչյուրի՝ հավասարապես մեծահասակի և երիտասարդի իրավունքներն ու պարտականությունները հարգվում են՝ որպես դատողություններ անելու և գործողություն
ձեռնարկելու հիմնակետ։

Եթե առկա են անբարենպաստ պայմանների և խտրականության համակարգային դրսևորումներ և հասարակության ներսում ռեսուրսների հատկացման տարբերություններ, հնարավոր է, որ մարդիկ զրկվեն հավասարության սկզբունքով մասնակցության իրավազորումից։

  • արդարություն։

Ժողովրդավարական գործընթացներում որոշումները պետք է կայացվեն մեծամասնության կողմից, սակայն նաև պետք է ապահովել արդարացի և հավասար վերաբերմունք բոլոր տեսակի փոքրամասնությունների նկատմամբ, սոցիալական արդարությունը, անկողմնակալությունը և հավասարությունը պետք է աշխատի հասարակության բոլոր մակարդակներում, իսկ իրավունքի գերակայությունը պետք է գերիշխի այնպես, որ հասարակության յուրաքանչյուր անդամ արժանանա ազնիվ, արդար, անկողմնակալ և հավասար վերաբերմունքի՝ բոլորի կողմից ընդունված օրենքներին համապատասխան։

Հանրակրթական դպրոցներում դասավանդողը սովորողների արժեհամակարգումն պետք է դրական վերաբերմունք, հարգանք, հանդուրժողականություն մշակութային բազմազանության և բազմակարծության, տարբեր տեսակետների, դիրքորոշումների, համոզմունքների ու կարծիքների, այլ կենսակերպի, գործելակերպի նկատմամբ:

Դիրքորոշում և արժեք, երրորդ, չորրորդ, հինգերորդ հանդիպում

Երրորդ հանդիպում՝

Փաստաթղթի ընթերցում՝

Դո´ւրս բերեք Հանրակրթական չափորոշչում ձևակերպված արժեհամակարգը: Առանձնացր՛ք հանրակրթության պետական չափորոշչով սահմանված սովորողների դիրքորոշման և արժեքային համակարգի ձևավորմանն ուղղված վերջնարդյունքները: /Խմբային աշխատանք/:

  1. Կարողունակությունները սովորողի կողմից ուսումնառության և դաստիարակության գործընթացում ձեռք բերված գիտելիքի, արժեքների, հմտությունների և դիրքորոշումների հիման վրա ըստ իրավիճակի արդյունավետ ու պատշաճ արձագանքելու ձևերն են։ Կարողունակությունները ձևավորվում են սովորողի ուսումնառության ընթացքում ուսուցման կազմակերպման տարբեր ձևերի, սովորողի կողմից ուսումնական առարկաների ծրագրերի բովանդակության յուրացման, ինչպես նաև ուսուցման գործընթացում դաստիարակության միջոցով և բխում են հանրակրթության հիմնական նպատակներից:
  2. Հանրակրթական տարրական, հիմնական և միջնակարգ ծրագրերի սովորողների ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքները նկարագրում են, թե հանրակրթական հիմնական ծրագրերի կրթական աստիճանների ավարտին սովորողը ինչ պիտի իմանա, կարողանա անել և հասկանա։ Վերջնարդյունքներն ուղղված են կարողունակությունների ձևավորմանը։
  3. Միջնակարգ կրթության կարողունակություններն են 1) լեզվական գրագիտություն և կարողունակություն. սովորողները տիրապետում են հայոց լեզվին, գրավոր և բանավոր կերպով գրագետ հաղորդակցվում են մայրենի լեզվով և այլ օտար լեզուներով ըստ լեզվական կանոնների և իրավիճակների: Նրանք կիրառում են լեզուն` որպես ուսումնառության և հասարակական կյանքին մասնակցության համապիտանի գործիք: Ընդհանուր գրագիտությունը կազմում է սովորելու և լեզվական հաղորդակցության հիմքը, որի հիման վրա կարող են ձևավորվել գրագիտության մյուս ձևերը (քաղաքացիական, բնապահպանական, տնտեսական, ֆինանսական, իրավական, առողջապահական, գիտատեխնիկական, թվային և այլն): Սովորողներն ընդունակ են բանավոր և գրավոր ձևերով ճանաչել, ըմբռնել, արտահայտել, ստեղծել և մեկնաբանել տարբեր հայեցակարգեր, փաստեր և կարծիքներ՝ օգտագործելով տարբեր առարկաներին և իրավիճակներին առնչվող տեսողական, ձայնային և թվային նյութեր.
    2) սովորել սովորելու կարողունակություն. սովորողներն ինքնուրույն և մյուսների հետ համատեղ արդյունավետ սովորում և աշխատում են կյանքի տարբեր իրավիճակներում։ Նրանք ճանաչում են իմացածի և չիմացածի սահմանները: Սովորողները ինքնակազմակերպվում են և ձևավորում են ժամանակի արդյունավետ կառավարման
    հմտություն։ Նրանք կարողանում են գնահատել սեփական և մյուսների ֆիզիկական ու հոգեբանական հնարավորությունները, սովորում են աշխատել ծանրաբեռնվածության պայմաններում։ Սովորելու ընթացքում աշակերտները ձևավորում են իրողությունները քննադատաբար և բազմակողմանի ուսումնասիրելու, վերլուծելու, ինչպես նաև ստեղծագործական ու նորարար մոտեցումներ կիրառելու ունակություններ: Սովորողները ձևավորում են համակարգային և ինտեգրված մտածողություն.
    3) ինքնաճանաչողական և սոցիալական կարողունակություն. սովորողներն ընդունակ են ինքնանդրադարձման և ինքնակազմակերպման միջոցով ձգտել ինքնաճանաչման: Նրանք ձևավորում են վստահություն սեփական ուժերի և կյանքի հանդեպ և հաջողությամբ կառավարում են սեփական ժամանակը, գիտելիքներն ու հմտությունները, կարողանում են դրսևորել առողջ և անվտանգ կենսակերպ, ինչպես նաև մասնագիտական կողմնորոշում:
    Սովորողները դրսևորում են հարգանք, ազնվություն և պատասխանատվություն ինչպես սեփական անձի, այնպես էլ այլոց հանդեպ՝ անկախ տարիքից, սեռից, ազգությունից, բարեկեցության աստիճանից, արտաքին տեսքից, ընդունակություններից, մասնագիտությունից, համոզմունքներից և այլ առանձնահատկություններից: Նրանք
    սոցիալական հարաբերություններում գործում են կառուցողական և համերաշխ, դրսևորում են ընկերակցելու ունակություն և կոնֆլիկտների խաղաղ և համագործակցային կարգավորման հմտություններ։ Տարբեր մշակույթների, կրոնների, աշխարհայացքների և կյանքի կազմակերպման անհատական պատկերացումների հետ առնչվելու արդյունքում սովորողներն ընդունակ են ճանաչել դրանց տարբերությունները.
    4) ժողովրդավարական և քաղաքացիական կարողունակություն. սովորողները նպաստում են ժողովրդավարության, ազատության, բարեվարքության, սոցիալական արդարության և իրավական պետության գաղափարի վրա հենվող հասարակության զարգացմանը։ Նրանք ճանաչողության միջոցով ձևավորում են սեր հայրենիքի նկատմամբ, գիտակցում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից բխող ազգային,
    պետական, հասարակական շահերն ու առաջնահերթությունները տարածաշրջանային և համաշխարհային մակարդակներում: Սովորողներն արժևորում են մարդու կյանքն ու արժանապատվությունը, կարևորում են սեփական քաղաքացիական պարտքը, քաղաքացիական մասնակցության մշակույթը՝ որպես ժողովրդավարության
    կենսունակության հիմք: Նրանք ճանաչում են հասարակության կյանքի մշակութային, պետաիրավական և տնտեսական ոլորտներն ու համակողմանի վերլուծում դրանք, ցուցաբերում են նախաձեռնողականություն, ինքնուրույն որոշումներ կայացնելու, դրանք իրագործելու ունակություն և հետևանքների համար պատասխանատու լինելու պատրաստակամություն.
    5) թվային և մեդիա կարողունակություն. սովորողները տիրապետում են մեդիագրագիտության կանոններին ու հմտություններին. պատկերացնում են մեդիայի աշխատանքը և դերը ժողովրդավարական հասարակությունում, կարողանում են կողմնորոշվել տեղեկատվության հոսքերում, գտնել և տարածել տեղեկություններ, քննադատորեն վերլուծել դրանք, գնահատում են մեդիայի ազդեցությունը սեփական և այլոց արժեքային պատկերացումների, դիրքորոշումների և գործողությունների վրա։ Թվային մեդիայի օգտագործման հնարավորությունների կողքին գիտակցում են նաև դրանց հետ կապված ռիսկերը, ունակ են գնահատելու և վերափոխելու իրենց վարքը թվային աշխարհում՝ անվտանգության, պատասխանատվության և էթիկայի տեսանկյունից։ Տիրապետում են մեդիա արտադրանք ստեղծելու տեխնիկական և ստեղծագործական հմտություններին, ինչպես նաև կարողանում են արդյունավետորեն կիրառել մեդիա գործիքները քաղաքացիական իրավունքների իրացման ու ժողովրդավարական գործընթացների մասնակցության նպատակով.
    6) մշակութային կարողունակություն. սովորողները ճանաչում են հայ մշակույթն ու մարդկային քաղաքակրթությունների մշակութային բաղադրիչները՝ որպես մարդկային զգացմունքների և գործողությունների կողմնորոշիչներ։ Նրանք արժևորում են սեփական ինքնությունը, ընտանիքի, համայնքի և պետության դերը, ունեն Հայաստանի աշխարհագրության, հասարակական-քաղաքական համակարգի և պատմության հիմնարար իմացություն: Աշակերտները ձևավորում են սեփական նախասիրություններ ազգային և համաշխարհային մշակութային ժամանակաշրջանների ուսումնասիրության ընթացքում։ Նրանք ի վիճակի են զարգացնել սեփական մշակութային ու գեղագիտական պատկերացումները՝ արժևորելով հոգևոր և նյութական ժառանգությունն ու մշակութային բազմազանությունը, ճանաչելով հայ և համաշխարհային գրականությունն ու արվեստը և ձևավորելով մշակութային գրագիտություն և ճաշակ.
    7) մաթեմատիկական և գիտատեխնիկական կարողունակություն. սովորողներն առօրյա կյանքում օգտագործում են մաթեմատիկական մտածողություն՝ բնության, հասարակության, մշակույթի և աշխատանքային ոլորտի երևույթները ճանաչելու և դրանք մաթեմատիկական կառուցվածքների, բանաձևերի, մոդելների, կորերի, աղյուսակների միջոցով հասկանալու համար։ Աշակերտները կարողանում են ընկալել և արդյունավետ կիրառել վերացարկված և ընդհանրացված հասկացությունները և ճանաչել իրականության մեջ դրանց արտացոլումները: Նրանք ընկալում են բնագիտական մտածողության և աշխատանքի, ինչպես նաև տեխնիկական առաջընթացի միջև
    եղած փոխադարձ կապը։ Աշակերտներն ընկալում են տեխնոլոգիական գիտելիքի կիրառման հնարավորությունները մարդու պահանջմունքների համատեքստում, ճանաչում են մարդու գործունեության արդյունքում ի հայտ եկող փոփոխություններն ու սեփական պատասխանատվությունը.
    8) տնտեսական կարողունակություն. աշակերտները համարժեք վերլուծում և գնահատում են մասնավոր ձեռնարկատիրության, ժողովրդական տնտեսության և համաշխարհային տնտեսական մակարդակներում տեղի ունեցող տնտեսական գործընթացները և պետության դերը տնտեսության մեջ, ինչպես նաև այդ գործընթացներում
    ճանաչում, գնահատում և արժևորում են կնոջ և տղամարդու ունեցած դերը։ Նրանք հասկանում են հասարակության, տնտեսության և քաղաքականության միջև եղած փոխազդեցությունները։ Աշակերտներն ընկալում են տնտեսական և հասարակական կարգերն ու ճանաչում են բնության և հասարակության փոխազդեցությունները, ինչպես նաև կայուն զարգացման ու շրջակա միջավայրի պահպանության գործում սեփական դերն ու պատասխանատվությունը:

Չորրորդ հանդիպում

Կարդացե՛ք հետևյալ մշակումները՝

Կարդացե´ք և քննարկե´ք նշված հոդվածները: Բերե´ք նաև օրինակներ Ձեր մանկավարժական գործունեությունից՝ ելնելով «Դիրքորոշում և արժեք» թեմայով
Ապրումակցային մանկավարժություն – Մարիետ Սիմոնյան
Սովորողների դիրքորոշմանը և արժեքներին ուղղված արդյունավետ մեթոդներ՝
Սկսել է պետք հայացքի-դիրքի փոփոխությունից – Աշոտ Բլեյան

Կրթական համակարգերի ժողովրդավարացում- Յուրա Գանջաալյան

Ապրումակցային մանկավարժություն – Մարիետ Սիմոնյան

Հոդվածը մի քիչ հուզիչ էր: Այն ինձ հիշեցրեց իմ դպրոցական տարիները, ուսուցիչներին, ընկերներին:

Դպրոցական տարիներին մենք բոլորս խենթանում էինք մեր պատմության ուսուցիչ ընկեր Միասարյանի համար:

Ընկեր Միասարյանի ֆենոմենը բացառիկ էր: Ինքը խոսում էր մեզ հետ մեզ հասկանալի լեզվով: Պատմության դասրեը անցնում էին շատ պատկերավոր: Երբ կար անհրաժեշտություն՝ ընկեր Միասարյանը դառնում էր նախամարդ, երբ պետք էր՝ դառնում էր Տիգրան Մեծ, ինչու ոչ, նաև Թալեաթ, Ջեմալ: Դասին մասնակցում էինք բոլորս անխտիր, չկար ծույլիկ և գերազանցիկ, չկար խտրականություն(այսինչի տղան, կամ այսինչի աղջիկը), մենք բոլորս հավասար էինք և գիտեինք, որ ընկեր Միասարյանը ճիշտ է՝ շատ խիստ է, բայց բոլորիս սիրում է շատ-շատ: Այսօր էլ, երբ դասընկերներով հանդիպում ենք, մեկ է՝ խոսում ենք ընկեր Միասարյանի դասերի մասին, մեր ապագայի, արժեմահակագրի վրա նրա թողած մեծ ազդեցության մասին:

Շատ կցանկանայի, որ ես էլ՝ մի օր հասնեի նրան, որ իմ սովորողները հիշեին ինձ այն դրական լույսի ներքո, ինչպես ես՝ ընկեր Միասարյանին:

Սկսել է պետք հայացքի-դիրքի փոփոխությունից – Աշոտ Բլեյան

Այո, այս վերնագիրը բնորոշում է կրթահամալիրի երեսուն տարիների աշխատանքը՝ անընդհատ հետաքրքիր, նոր, զարգացող և տեղում չդոփող: Եթե ջուրը երկար է մնում ջրափոսում և չի շարժվում, այն լճանում է և դառնում ճահիճ: Ամեն ինչում և հատկապես մանկավարժության մեջ պետք է լինի շարժում, դինամիկա, փոփոխություն՝ նոր մտքեր, հայացքներ, գավափարներ, որոնցով կվոգևորվեն ուսուցիչները, սովորողները, ծնողները: Կրթահամալիրային նախագծերը այնքա՜ն շատ են՝ բնապահպանական, հայրենագիտական, կրթական, մշակութային, գիտական, հասարակական և այլն: Վստահ եմ, որ մեր մանկավարժությունը իր ձևով և որակով խորը հետք է թողել և թողնելու հայաստանյան և նրա սահմաններից դուրս շատ-շատ կրթօջախների վրա և ազդելու է մարդկանց հայացքների, մտածողության փոփոխության վրա:

Կրթական համակարգերի ժողովրդավարացում- Յուրա Գանջալյան

Այս հոդվածում առկա էր կարևոր արձանագրում միջմշակությային հաղորդակցության, ժողովրդավարական կրթության, ժողովրդական դիվանագիտության մասին: Կարևոր է, որ կապող օղակը կրթությունն է: Ուրախալի է, որ արվում են համագործակցային քայլեր, որը միտված է իրար ճանաչելուն, բարիդրացիական հարաբերություններին, դուրս է մղվում թշնամանքի գործոնը:

Հինգերորդ հանդիպում

Երրորդ, չորրորդ հանդիպումներին կարդացած նյութի շուրջ մշակում, տեքստի ձևակերպում։

Մանկավարժությունը ինձ համար տարերք է՝ միախառնված մարդկային որակների, արժեքների, գիտելիքի, հոգեբանության, բարոյականության, դժվարությունների, խնդիրները լուծելու, սկզբունքայնության հետ: Այն շատ հեշտ, բայց միևնույն ժամանակ շատ բարդ կոչում է ինձ համար: Այս ամենը կրելով դու մտնում ես դասարան և փակում ես դուռը քո ետևից: Իսկ թե ինչպե՞ս ես կարողանում կիրառել վերոնշյալ արժեքները, լուծել խնդիրները, որոնք պետք է բխեն երեխայի շահերից՝ դա արդեն քո մանկավարժությունն է:

5.2 դասարանի սովորող տղաների հետ այս տարի լեզու դժվար էր գտնելը: Կար դասի նկատմամբ օտարում: Կարծես առկա էր համատարած պայմանավորվածություն միասին բոյկոտելու դասը, առանձնանալու և վարքային առումով հնարավորինս վատ պահելու: Այդ խնդիրը ինձ մտահոգում էր դեռ նախորդ տարվանից: Ունեցա տղաների խմբի հետ երկար զրույց և շատ անկեղծացա ներկայացնելով իմ մտահոգությունները, իմ վիրավորանքը և տխրության առիթը իրենց վարքի հետ կապված: Տղաները բոլորը կախել էին իրենց գլուխները և ամաչում էին նայել դեմքիս: Զգում եմ, որ ուզում են մի բան ասել, բայց քաշվում են: Տղաներից մեկը ցածր ձայնով ասաց, որ գիտի, որ ես չեմ սիրում «խաբարբզիկություն» դրա համար այդքան ժամանակ չի ասել, բայց խնդիրը կապված չէ ինձ հատ, այլ կապված է աղջիկների հետ:

Պարզվեց, որ ես երբ նկատողություն եմ անում տղաներին՝ աղջիկները ձայնագրում են նկատողության հատվածները և դասարանում բարկացնում են տղաներին և այդ ձայանգրությունները փոխանցում են այլ դասարանների սովորողներին: Տղաները շատ վատ են զգում այդ փաստից և ոչ թե բոյկոտում են ինձ, այլ «ինադու» վատ են պահում իրենց, որ ցույց տան աղջիկներին, որ այդ ձայնագրություններից էլ չեն վախենում:

Բոլոր տղաները ներկայացրեցին ինչից են բարկացած, ինչը իրենց դուր չի եկել և նեղացել էին այլ ուսուցիչներից, որ պատմել էին այդ դեպքի մասին, իսկ իրենց չէին հավատացել: Մենք պայմանավորվեցինք տղաների հետ, որ աղջիկների հեռախոսները ես հավաքելու եմ և հեռու դնեմ, որ ձայնագրությունների պատճառով տղաները չլարվեն:

Այսօր զրույցից հետո առաջին մեր դասն էր: Բոլոր տղաները եկել էին պարտաճանաչ նույն ժամին և նստել էին առաջին շարքում: Հեռախոսները հավաքելուց հետո իրենք մասնակցեցին դասին, քննարկմանը և անգամ պարեցին, վերջում էլ՝ եկան իրենց թափված թղթերը հավաքեցին և ասացին, որ ցանկացած օգնության հարցով կարող եմ իրենց դիմել:

Ես իսկապես շատ հուզվել էի այսօր: Այս քայլը համարում եմ մեծ հաղթանակ, ընկերության համերաշխության շատ մեծ քայլ, որովհետև արդարության, հավասարության մթնոլորտը կարծես վերահաստատվեց:

Մանկավարժությունը չի որոշվում դիպլոմով, տարիների փորձով: Այն կամ լինում է, կամ չի լինում: Մանկավարժությունը սկսվում է ապրումակցումով՝ դիմացինին զգալու, հասկանալու, իր հետ իր լեզվով խոսելու, տխրելու, ուրախանալու, ընկերանալու, նեղանալու բոլոր զգացումներով: Ապրումակցումը սահմանների ջնջումն է, կարծրատիպերի կոտրումը, որը սովորողը շատ արագ զգում, հասկանում և ընկալում է:

Հետաքրքիր ֆենոմեն ունի ձեռքսեղմումը: Պարի մեջ դա շատ կարևոր գործոն է: Այն սովորողը, ով դասի ժամին վատ է պահել իրեն՝ պարի ժամանակ ես իր ձեռքն եմ բռնում և խաղաղ ցույց եմ տալիս պարի շարժումները: Հաջորդ ժամին՝ սովորողը մասնակցում է դասին խաղաղ, հանգիստ և առանց անկարգությունների:

Եթե հինգ, վեց տարեկան սովորողների հետ չխոսես իրեն հասկանալի լեզվով՝ խաղային, պարզ, մաքուր, հասկանալի, չես կարող փոխանցել այն երաժշտական գիտելիքները, հմտությունները, որը ակնկալում ես: Միևնույն ժամանակ, այս լեզվով չես կարող խոսել չորրորդ, հինգերորդ դասարանի սովորողների հետ: Այն կթողնի հակառակ ազդեցություն:

Փոքրերի հետ պետք է չամաչես երգելով թռչկոտես, խաղաս, դերասանություն անես: Այն խմբերում, որտեղ երգուսուցումը կատարվել է խաղով՝ սովորողները ավելի ջերմությամբ և հավեսով են մասնակցում դասերին:

Մանկավարժության մեջ պետք է լինի շարժում, դինամիկա, փոփոխություն, զարգացում՝ նոր մտքեր, հայացքներ, գավափարներ, որոնցով կվոգևորվես դու և կոգևորես քո սովորողներին: