Լարային ամենավաղ նվագարաններից են տավիղն ու քնարը (Ծննդոց4;21)։ Ավելի ուշ երևան եկավ ցիմբալը, որը նվագում էին՝ փայտե թակիչները հարվածելով լարերին։ Միջնադարյան Եվրոպայում լայն տարածում գտան ստեղնալարային նվագարանները, որոնց ձայնն արտաբերվում էր լարերը կսմթելով կամ դրանց հարվածելով։ Այդ գործիքներից ամենատարածվածները կլավիկորդն ու կլավեսինն էին։
Կլավիկորդ
Կլավիկորդը կափարիչով քառանկյունի գործիք էր, որը ձայն էր արձակում շնորհիվ մետաղե բարակ թերթիկների՝ տանգենտների, որոնք ներքևից հարվածում էին լարերին։ Այս գործիքը կարող էր զանազան հույզեր արտահայտել, սակայն երգիչների կամ մյուս գործիքների ձայները հեշտությամբ խլացնում էին նրա թույլ ձայնը։
Կլավեսին
Կլավեսինը, որն ավելի մեծ էր և ինչ–որ չափով նման ժամանակակից ռոյալին, ուներ երկար լարեր, որոնք կսմիթահարվում էին թռչունների փետուրներից պատրաստված ձողիկների կամ պլեկտրների միջոցով։ Թեև այն ուներ ուժգին ձայն և լավ ձայնադարձություն, սակայն հնչում էր միևնույն ուժգնությամբ և միապաղաղ էր։