Չգիտեմ ես անտարբե°ր եմ: Կարծում եմ մի քիչ:Բաներ կան, որոնց մասին չեմ մտածել:
Մոտենում էինք Վանա ծովին: Անկեղծ` սկզբում անտարբեր էի: Վանա ծո՜վ, Վանա ծո՜վ:
Շատերը ունեին իրենց պատմությունը, երազանքները: Իսկ ես` ո°չ: Ի՞նչ է, արմատից կտրվա°ծ եմ ես: Չգիտեմ…
Խմբում կար հայրենասեր ազատամարտիկ, ով կռվել և վտանգել էր իր կյանքը հանուն հայրենիքի, ծեր տատիկ, ում երազանքն էր լողալ Վանա ծովում, սփյուռքահայ կին, ով ամեն քայլափոխի հուզվում էր, մարդիկ, ովքեր մինչ Վան հասել, գտել էին իրենց պապի տունը, կին,ով շատ էր շրջագայել Արևմտյան Հայաստանում , և ուրիշներ:
Բոլորը լուռ էին: Ոչ ոք ոչինչ չէր ասում: Կատարյալ լռություն էր: Տեսնես ի°նչ են մտածում: Անգամ ազատամարտիկն էր գլխիկոր նստել: Մարդ, ով ամբողջ ճանապարհին ակտիվ էր, ոգևորում, պատմում, երգում, պարում էր: Նրանց տեսնելով՝ մտածում էի.- «Իսկ ե°ս ինչու եմ լուռ»: Մի տեսակ լցված եմ, հպարտ եմ, լուրջ եմ, տխուր եմ, կուտակված եմ, ուշադիր եմ…
Գտե՜լ եմ կտրված արմատս: Ապուպապերս վանեցի չեն, բայց հայոց զավակ եմ, հայ կին, հայ զինվոր: Վերջապե՜ս արմատս կապվեց հողին: Զգացի, որ հայոց գենի կրողն եմ ես: Իմ մեջ էլ ծնվեցին պատմություններ, երազանքներ: Դրանք ի°մն են, թե° իմ պապերինը: Չգիտեմ…
Ամուր եմ կանգնած հողին: Ես իմ տանն եմ, մեր տանն եմ, իմ պապի տանն եմ ես: Չեմ ուզում գնալ: Չեմ կարող: Ծանր է շատ-շատ: Գիտեմ՝ կկարոտեմ: Բայց ու°մ, ի°նչը: Ո°նց է էդպես լինում:
Սիրտս իր ամբողջ հյուսվածքներով կառչել է հողին, օդին, ջրին և աղերսում է. «Մի՜ գնա, թո՜ղ ինձ այստեղ»: Ես ի°նչ անեմ, ո°նց անեմ…
Նորից կտրվեց արմատը: Բայց այս անգամ արդեն վիրավոր է արմատը: Նա կչորանա°, կվերանա°, չի° լինի առանց իրեն սնուցող օդի, հողի և ջրի: Չգիտեմ: Իսկապես չգիտեմ…..