Վայոց Ձոր՝ Արատես․ մշակութային լանդշաֆտ․ աշխատանքը՝ Մանուշակ Ղուլյանի
Վայոց ձորի մարզը, գտնվում է Հայաստանի հարավ-արևելքում՝ Արփա գետի ավազանում, և շրջապատված է Զանգեզուրի լեռնաշղթայի հյուսիսային հատվածով ,զբաղեցնում է 2,308 կմ² տարածք ։ Ընդգրկում է երեք հիմնական աշխարհագրական շրջաններ` Արփայի գոգավորություն, հարավում ձգվում է Վայքի ծալքաբեկորավոր լեռնաշղթան և Վարդենիսի հրաբխային լեռնավահանը։ Հյուսիսում սահմանակցում է Գեղարքունիքի մարզին, հյուսիս-արևելքում՝ Արցախի Հանրապետությանը, հարավ-արևմուտքում՝ Սյունիքի մարզին, հարավային հատվածում՝ Նախիջևանին, իսկ արևմուտքում՝ Արարատի մարզին։
Հարուստ մշակութային շերտ ունեցող մարզը, հարևան մարզերից տարանջատված է տարածքի մակերևույթի առանձնահատկությամբ։ Վայոց ձորի գոգավոր տարածքը՝ շրջապատված բարձրադիր լեռներով և ջրբաժան լեռնաշղթաներով, այն դարձնում է աշխարհագրական մեկ ամբողջություն։ Բնական գործընթացների արդյունքում այս տեղանքում առաջացել են բազմաթիվ լեռնաշղթաներ, ձորեր, լեռնանցքներ, սարահարթեր, գոգավորություններ, դաշտեր, մարգագետիններ և բնական բազմապիսի կերտվածքներ, որոնք առավել բազմազան են դարձնում Վայոց ձորի բնապատկերը։
Յուրահատուկ բնական լանդշաֆտի այանձնահատկությունները և հատկապես աշխարհագրական դիրքը հիմք են հանդիսացել նաև Վայոց Ձորի յուրահատուկ մշակութային լանդշաֆտի ձևավորմանը: Կարևոր նշանակություն ունի հատկապես Արատեսի վանքը, որտեղ բազմաթիվ ուսումնասիրություն են կատարում մինչ օրս:
Ըստ ուսումնասիրությունների, կիսավեր այս վանքը, միջնադարյան հայկական ճարտարապետական վանական համալիրներից մեկն է, որը գտնվում է Վայոց Ձորի մարզի Արատես գյուղում, Եղեգիս գետի Արատես վտակի ափին, բլրի գագաթին: Կիսավեր հուշարձանախումբը բաղկացած է մի քանի մատուռից, Ս. Սիոն, Ս. Աստվածածին եկեղեցիներից և երկու գավիթներից :
Ենթադրվում է, որ հուշարձանի նախնական շինությունը հիմնադրվել է 7-րդ դ., թեև ամենահին գրավոր տեղեկությունը վերաբերում է 9-րդ դ.: Ս. Սիոն եկեղեցի – կառուցվել է 10-րդ դ.: Միանավ թաղածածկ եկեղեցի է: ՈՒնի երեք ավանդատուն` խորանի 2 կողքերին և հյուսիսային պատին կից: Ս. Աստվածածին եկեղեցի – գտնվում է Ս. Սիոն եկեղեցու հարավային կողմում: Կառուցված է 11-րդ դ.: Այն մեկ զույգ որմնամույթերով գմբեթավոր դահլիճ է: Առաջին գավիթ – կառուցված է Ս. Աստվածածին եկեղեցու արևմտյան ճակատին կից: Սա համալիրի ամենաուշագրավ կառույցն է: Գավթի ծածկն իրականացված է փոխհատվող կամարների կիրառման ինքնատիպ ձևով: Հյուսիս-հարավ ուղղությամբ ձգվող մեկ զույգ կամարներից դեպի արևելյան և արևմտյան պատերն են ուղղված մեկական կիսակամար: Զույգ կամարների կենտրոնում, շրջագծային հիմքով շթաքարային գմբեթն է: Այժմ քանդված է: Երկրորդ գավիթ – գտնվում է Ս. Սիոն և Ս. Աստվածածին եկեղեցիների միջև: Կառուցված է 13-րդ դ.: Այն քառակուսի հատակագծով, արևելյան զույգ ավանդատներով կառույց է: Մատուռներ որոնք թվով հինգն են – կառուցված են եկեղեցիների արանքներում:
Ըստ աղբյուրների փաստման, վանքը շրջապատված է եղել պարսպով, որը քանդվել է 17-րդ դ.: Ներկայումս պահպանվել է հյուսիսային պատի մի մասը: Վանքի տարածքում կան 10-17րդ դդ. խաչքարեր և տապանաքար: 1959-1961 թթ. վերականգնվել է գավթի խաչվող կամարներից մեկը` Կ. Ղաֆադարյանի ղեկավարությամբ: 1988-1989 թթ. Հուշարձանների պահպանության վարչության կողմից ամբողջությամբ հաշվառվել, համարակալվել և չափագրվել են եկեղեցիների բազմաթիվ բեկորներ: Վերականգնման նպատակով կատարվել են նախագծման աշխատանքներ:
Համաձայն ուսումնասիրությունների դիտարկման, Հուշարձանների շուրջը տարածված է եղել գերեզմանոց, որն ամբողջապես քանդված է. Հուշարձանների պատերին կից դարսված են տարբեր ձևերով մշակված բազմաթիվ գերեզմանաքարեր, խաչքարեր, մեծ մասամբ զարդաքանդակներով և գրություններով:
Լանդշաֆտի մշակութայնացման յուրահատուկ ցուցիչ է նաև Խաչոց ձորը, որը հարուստ է խաչապատկերներով և արձանագրություններով, գտնվում է Արատես գետի աջ ափին, վանքից հարավ- արևմուտք: