Վանքի և շրջակայքի արձանագրությունների ընթերցում, վերծանում
Համազասպ Աբրահամյան
Եռօրյա հետազոտական աշխատանքների ընթացքում ժամանակային առումով կարողացել ենք ուսումնասիրել Արատեսի վանքի բազմաթիվ արձանագրություններից մի քանիսը և հիմնական ուշադրությունը դարձրել ենք վանքի մոտակա ձորակում գտնվող խաչերով պատված ժայռի արձանագրություններին:
Վանական համալիրում ուսումնասիրել ենք Ս. Աստվածածին եկեղեցու արևմտյան արտաքին պատին՝ մուտքից ձախ, կանոնիկ ձևով փորագրված 11 տողանի արձանագրությունը (նկ. 1): Արձանագրությունից առաջ համեմատաբար մեծ տառաչափերով և վերևի հատվածում խաչապատկերով փորագրված է թվականը՝ ՈԿԹ (1220), որից հետո սկսվում է կանոնավոր տողերով հիմնական տեքստը: Տեքստի սկիզբը հաղորդում է պատմական իրավիճակը (Ի ԹԱԳԱՒՈՐՈՒԹԵԱՆ ՎՐԱՑ ԼԱՇԱԻՆ ԵՒ ՅԱՇԽԱՐՀԱԿԱԼՈՒԹԵԻՒԱՆ Ի ԱԹԱԲԱԿԻ), այնուհետև առկա է արձանագրության հեղինակն ու իր գործունեությունը (ԵՍ ՎԱՍԱԿ ՈՐԴԻ ԽԱՂԲԱԿԱ ԿՈՂՄՆԱՊԱՀ Ի ԳԱՌՆՈՅ ՄԻՆՉԵՒ Ի ԲԱՐԳՈՒՇԱՏ ԵՒ ԱՌԻ ԶԱՄՐՈՑԱՆԻՍ ԵՂԵԳԵԱՑ ՁՈՐՈՅՍ ԱՒԳՆՈՒԹԵԲՆԱՅ Ի ՀԱՅՐԱՊԵՏՈՒԹԵ ՏՐ ՍԱՐԳԻՍ ԵՎ ԱՌԱՋՆՈՐԴ ՎԱՆԱՑՍ ԵՒ ՆՈՐԱՎԱՆԱՑՆ): Արձանագրությունը ավարտվում է պատարագի սահմանումով (ՀԱՍՏԱՏԵՑԱՔ ·Գ· ԺԱՄ ԶՀԱՄԲԱՐՁՄԱՆՆ ԶԵՐԵՔ ԱՒՈՒՐՆ ԶԱՄԵՆԱՅՆ ԵԿԵՂԵՑԻՔՍ ՁՈՐՈՅՍ ՈՐ ՎԱՍԱԿԱ ԿԱՏԱՐԵՆ ԵՒ ԿԱՏԱՐՒՉՔՆ ԱՒՐՀՆԻՆ ՅՆԱՅ ԱՄԵՆ): «Դիվան հայ վիմագրության» 3-րդ հատորում արձանագրության մեջ առկա ԶՀԱՄԲԱՐՁՄԱՆՆ բառի վերջին երկրորդ Ն տառը արտագրված չէ, իսկ վերջի ՅՆԱՅ հոլովումը արտագրված է ՅԱՅ:
Այս թվագիր նշված պատվիրատուով և պատմական հետաքրքիր մանրամասներ ներկայացնող արձանագրությունից բացի ուսումնասիրել ենք նաև նշված արձանագրության ներքևում փորագրված արձանագրությունը: Արձանագրույունը հնգատող է և զբաղեցնում է Ս. Աստվածածին եկեղեցու արևմտյան արտաքին պատի մի ամբողջական քառանկյուն սրբատաշ որմնաքարի կեսից ներքև ընկնող հատվածը (նկ. 2): Արձանագրությունը իրենից ներկայացնում է հեղինակի գործունեությունը և սահմանած պատարագը (ԵՍ ԹԱՃՄԵԼԵՔ ՄԻԱԲԱՆԵՑԱՅ ՍԲ ՈՒԽՏԻՍ ՄԻԱԲԱՆՔՍ : ՍԱՀՄԱՆԵՑԻՆ ՍԲ ԽԱՉԻՆ ՇԱԲԱԹՆ ԱՒՐՆ Ա: ՊԱՏՍՐԱՐԱԳ): «Դիվան հայ վիմագրության» 3-րդ հատորում արտագրված չէ ԱՒՐՆ բառի Ա տառի հետ կցագրված Ն տառը, որը կազմում է ՇԱԲԱԹՆ բառի վերջի տառը, ինչպես նաև ՊԱՏՍՐԱՐԱԳ ձևը արտագրված է ՊԱՏԱՐԱԳ: Փորագիր տառերը ներկված են կարմիր ներկով: Արձանագրույունը թվագրված չէ: Դիվան հայ վիմագրության 3-րդ հատորում այն վերագրվում է 13-րդ դարավերջին: Սակայն պետք է նկատենք, որ այս արձանագրությունը տարածքի առումով խոչընդոտ է հանդիսացել նախորդ արձանագրության համար, որի հետևանքով նախորդ 11 տողանի արձանագրության վերջին 4 տողերը գրվել է՝ շրջանցելով այս արձանագրությունը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախորդ արձանագրությունը թվագրված է 1220 թվականով՝ ուրեմն այս արձանագրությունը չի կարող թվագրվել ավելի ուշ, քան 13-րդ դարի 10-ական թվականները:
Բացի այս երկու ընդարձակ արձանագրությունները ուսումնասիրել ենք նաև մի շարք խաչքարերի և տապանաքարերի արձանագրություններ:
Ինչպես արդեն վերևում նշեցինք, հիմնական ուշադրությունը դարձրել ենք Խաչոց ձորի արձանագրություններին: Արատեսի վանքից մոտ 150 մետր հեռավորության վրա գտնվող ձորակի ձախ կողմում՝ մոտ 10 մ երկարությամբ և 3 մ բարձրությամբ հատվածը, պատված է տարբեր ձևերի և չափերի 48 խաչապատկերներով, որոնց մի մասը ուղեկցվում է արձանագրություններով: Ընդհանուր առմամբ,- առկա է 7 արձանագրություն, որոնք համարակալել ենք ձախից աջ՝ ըստ հերթականության: N1 արձանագրությունը ծավալով ամենակարճն է (ԱԾ) և ունի պատվո նշան: N2 արձանագրությունը կարողացանք կարդալ մասամբ (ՍԲ ՆՇԱՆՍ|ՀԱՍԱՆԵ ՈՐՔ|Կ…), այնուհետև շարունակում են 6 կցագրեր, որոնք դեռ չենք կարդացել: Արձանագրությունը ավարտվում է թվականով (Թ ՉԺԵ՝ 1266թ) (նկ. 3): N3 արձանագրությունը իրենից ներկայացնում է միայն թվական (Թ ՉԺԲ՝ 1263թ): Այստեղ Չ տառը նման է Ն տառին, սակայն կարծում ենք, որ պետք է կարդանք Չ: N4 արձանագրությունը անթվագիր է (ՆՇԱՆՍ ԹԱՆԿԻՆ Է| ԱԾ ՈՂՈՐՄԻ ՆՄ|ԱՅ ԱՄԵՆ): Խաչապատկերների հանդեպ արձանագրությունների դիրքից ենթադրում ենք, որ N3 արձանագրության թվականը վերաբերվում է N4 արձանագրության տեքստին (նկ. 4): N5 արձանագրությունը սկսում է թվականով (Թ:Չ:|·ԺԳ:՝ 1264թ.), ապա շարունակվում է տեքստը (·ՏՐ ԱԾ ՈՂՈՐՄԵ ԱՅ|Ս ԱԽՈՒԽԻՆ ԱՄԵՆ) (նկ. 5): N6 և N7 արձանագրությունները միայն թվականն են նշում (:ԹՉԺԵ:՝ 1266թ. և :Չ:ԺԵ:՝ 1266): Հիմք ընդունելով արձանագրությունների թվագրությունը Խաչոց ձորը թվագրում ենք 13-րդ դարի 60-ական թվականներով: Այստեղ նույնպես տեսանելի է կարմիր ներկի օգտագործումը:
Նկարներ
Նկար 1. Վասակի 11 տողանի արձանագրությունը:
Նկար 2. Թաճմելեքի հնգատող արձանագրությունը:
Նկար 3. Խաչոց ձորի N2 արձանագրությունը:
Նկար 4. Խաչոց ձորի N3 և N4 արձանագրությունը:
Նկար 5. Խաչոց ձորի N5 արձանագրությունը: