
Ազգային ավանդական խաղեր․ուժախաղեր կամ ուժփորձուկներ
Ուժփորձուկ՝ Ձեռք ծալոցի
«Ուժախաղ» ազգային, ավանդական խաղ
Գոմշակռիվ
Թիզ ու դմբուզ
Բարեկենդանի խաղեր
Պարան քաշոցի
Աքլորակռիվ
Ավանդական մրցակցային խաղեր
․․․․․․
Ուժփորձուկների նկարագրություններ
Վանում պատանիները թաղ-թաղ բանակներ էին կազմում, պարսատիկներով և նետ ու աղեղներով կռվում միմյանց դեմ՝ ի հիշատակ Հայկի և Բելի կռվի: «Յուրաքանչյուր թաղի մեջ թաղեցիք, մի քանի հերոսի անուն հանող խմբապետներու առաջնորդությամբ խումբերու բաժանված, կը զինվեին պարսատիկով, քարի պայուսակով, նաև բիրերով, և ուրիշ թաղի խումբերուն վրա յարձակում կը գործեին, որ իրենց լեզվով պասալու կը կոչվեր: Երկու ախոյան խումբերը կատարյալ վրեժխնդրության ոգիով լի՝ կը սկսեին իրենց պարսատիկներով երկուստեք քարեր տեղալ իրարու վրա պատերազմելու հանգամանքով, երկու կողմերն վրա տալով շատ անգամ գլուխ, աչք և ուրիշ անդամներ, մինչև իսկ երբեմն ալ կյանքեր: Կռիվը երթալով կտաքանար , մինչև սույն խումբեր երբեմն իրարու խառնված կը սկսեին գործածել նաև իրենց բիրերը՝ զանոնք իջեցնելով իրարու վրա կամ մենամարտելով գիրկ ընդ գիրկ: Ասկէ ետք կամ այն է, որ խումբերեն մեկը պարտված տեղի կու տա, կամ նույն թաղերուն մեջ եղած մեծավորներու միջամտությամբ վերջ կը տրվեր կռվին»:
Աղբյուրը՝ Հրանուշ Խառատյան-Հայ ժողովրդական տոներ
Ըմբշամարտ՝ կոխ
Կոխը ռազմաֆիզիկական նշանակություն ունեցող հայկական ազգային մենամարտի տեսակ է: Այն եղել է տոնախմբությունների, ուխտագնացությունների, հարսանիքների եւ այլ հավաքույթների անբաժան մասը: Խաղացել են նաև Վարդավառի ժամանակ: Կոխը կոչվել է նաև գոտեմարտ, գոտեկռիվ, բազմամարտ, չոքագյուլաշ, գուռաշ, մերկակռիվ, չոքակռիվ, կուշտրի:
Միջնադարյան Հայաստանում կոխն անցկացվել է հատուկ տեղերում, որոնք կոչվել են գուպարատեղեր, մարզարաններ, մրցասպարեզներ, մեյդաններ:
Մարզիկները մրցությանը մասնակցել են մարզաչուխաներով։ Հանդիպումները սկսվում են միայն ազգային երաժշտության ներքո պարելուց հետո:
Դրա նպատակը մկաններ «տաքացնելն» ու նախավարժանք կատարելն է: Մենամարտը սկսելուց առաջ մարզիկները բարձրացնում են ձեռքերն ու միմյանց ափերին հարվածելուց հետո միայն սկսում պայքարը:
Աղբյուրը՝ sport.mediamax.am
Ըմբշամարտ՝ կոխ-Բագրատ Երիցյանի վարպետության դասը․ տեսաֆիլմը՝ Մարինե Մկրտչյան
Զինախաղեր
Պատանիների, երիտասարդների և զինվորականների մրցություններ են։ Պատանեկան զինախաղերը (բերդախաղեր, լախտախաղեր, մկնդախաղեր, ճիպոտներով թրակռիվ, դաշույնակռիվ և այլն) ունեցել են ռազմասպորտային բնույթ։ Խաղակիցներին իրավունք էր վերապահվում հարվածել հակառակորդին, բայց, դարերով մշակված կանոնների համաձայն, խեղումներ չառաջացնել (Մխիթար Գոշի Դատաստանագրքում խաղերում դիտավորություն ցուցաբերողներին պատժելու հոդված է նախատեսվել)։
Երիտասարդական զինախաղերի (սուսերախաղեր, նիզակախաղեր, պարանախաղեր, ավելի ուշ՝ հրազենով նշանառություն և այլն) մեծ մասը կատարվում էր ձիավարությամբ։ Օգտագործվում էին նաև իսկական զենք ու զրահ (սուր, նետ ու աղեղ, հրազեն, սաղավարտ, վահան, դիմակալ, լանջապանակ և այլն)։
Պարսից, արաբական, բյուզանդական և թուրք տիրակալներն արգելում էին հայկական զինախաղը, ուստի երիտասարդությունն օգտագործում էր հարսանեկան ծեսերը, ուխտագնացությունները և այլ տոնակատարություններ, որոնց ժամանակ ծիսական քողի տակ տեղի էին ունենում հեծյալ զինախաղերի որոշ տեսակներ։
Հեծյալ խաղեր
Ռազմամրցակցային խաղերը գալիս են դեռ նախնադարյան ժամանակաշրջանից: Ինչքան էլ որ ժամանակի ընթացքում փոփոխվել են դրանց արտահայտչամիջոցները, այնուամենայնիվ, դրանք մինչ օրս էլ պահպանել են իրենց առաքելությունը, այն է՝ ռազմական դաստիարակությունը և առողջ մարմնի կոփումը: Նման խաղերը բնորոշ էին բացառապես արական սեռի ներկայացուցիչներին: Բնական է, որ Հայաստանում պետք է լինեին նաև ձիերի մասնակցությամբ խաղեր, քանի որ Հայաստանում զբաղվում էին ձիերի բուծմամբ և ընտելացմամբ:
Հեծյալ խաղերը կամ ձիախաղերը պայմանականորեն կարելի է բաժանել երկու խմբի: Դրանցից առաջինը ձիու մասնակցությամբ իրականացվող խաղերն էին կամ ձիավարությունները, որտեղ ձիերը նույնպես փորձարկվում էին արագավազության մեջ: Երկրորդ խումը կազմում էին նիզակախաղերը, որտեղ մասնակիցները նստում էին ձիու վրա, ձեռքներին ունենալով փայտե նիզակ, փորձում էին խոցել հակառակորդին:
Գոյություն ուներ նաև, այսպես կոչված, սպարապետների մենամարտ խաղը, որի ժամանակ մասնակիցներն իրենց սաղավարտի վրա փետուր էին ամրացնում և մենամարտի ընթացքում փորձում էին նիզակով հակառակորդի փետուրը գետնին տապալել:
Այսպիսի ձիախաղերը կամ հեծյալ խաղերը պահպանված են եղել մինչև 20-րդ դարի սկիզբը, և տարածված են եղել հիմականում իշխանավորների շրջանակում: Դրանք հիմնականում խաղում էին տոնակատարությունների ժամանակ:
Աղբյուրը՝ armgeo.am
Մականախաղ
Մականախաղը Հայաստանում տարածված է եղել հնագույն ժամանակներից։ Խաղացել են հեծյալ և հետիոտն։ Այժմ Հայաստանում ժամանակակից մականախաղով զբաղվում են սկսած 1969 թվականից։ Մականախաղի մասին հիշատակություններ կան Մովսես Խորենացու, Հովհան Մամիկոնյանի, Թովմա Արծրունու աշխատություններում և «Սասնա ծռեր» էպոսում։ Մականախաղը տարածված է եղել Հայաստանի բոլոր գավառներում հինգ անվանումներով՝ «հեծյալ մականախազ», «բռնուկ հոլ», «ճըզհոլ», «թըքհոլ» և «կուրտուն հոլ»: