Արտակարգ օրերում ծեսով ուսուցում. Հայաստան-Արցախ

Արտակարգ օրերում ծեսով ուսուցում. Հայաստան-Արցախ

Արդի աշխարհիկացող հասարակություններում ծեսերին շատ փոքր կարևորություն է տրվում, քան երբեմնի կրոնական և ցեղային հանրույթներում։ Սակայն ծիսական վարքը միշտ արդիական է՝ իր ամենաբազմազան դրսևորումներով։ Մեր օրերում տոները և նրանից դուրս եկեղ ծեսերը, ծիսական գործողությունների մասշտաբները շատ են փոքրացել: Մեր ժամանակների մարդուն հետաքրքրում, գրավում են նախևառաջ իր անձնական կյանքի խնդիրներին արձագանքող տոները: Նրան քիչ են հուզում իր տեսադաշտից և մտահորիզոնից դուրս հարցերը, խնդիրները, որից էլ բխում է այս կամ այն հարցի վերաբերյալ ժամանակակից մարդու համապատասխան արձագանքը:

Արխայիկ բոլոր հասարակություններում ծիսականացված հատկանիշների արդի դրսևորումներ են տեղի ունենում հատկապես արտակարգ իրավիճակների պայմաններում: Հասարակության արձագանքը, որը բխում է ինքնապաշտպանության բնազդից՝ բերում է մոբիլիզացիայի, սթափության, հավաքական, միասնական գործելուն, շարքային մարդու մոտ ծնվում են հատկանիշներ, որոնք մինչ այդ, սովորական պայմաններում չեն էլ դրսևորվել: Այս արդի դրսևորումների հիմքը տանում է դեպի նախնական սկզբնական ծեսեր, որոնք ի սկզբանե միտված են եղել վերադառնալուն իդեալական ամենասկզբին, որտեղ խախտվել է աշխարհի կանոնակարգի բալանսը: Համայնքը իր միասնական գործողությունների միջոցով պետք է հաղթի «չարին», որի նպատակն է նորից ու նորովի լույս աշխարհ բերել բարուն` տիեզերքը: Եվ այսպես՝ այդ ընկալումներում յուրաքանչյուրի ճիշտ գործողությունից է կախված բարու հաղթանակը, տիեզերքի կանոնակարգումը և փրկությունը:

Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ ևս մեկ անգամ խախտվեց հայ մարդու սեփական նյութական աշխարը խաղաղ տեսնելու իդեալական բալանսը: Հայը սկսեց գործել: Յուրաքանչյուրն իր ասպարեզում փորձեց անել առավելագույնը՝ զինվորը, բժիշկը, իրավաբանը, տնտեսագետը, ուսուցիչը և այլն:

Սեպտեմբերի 29-ից սկսած՝ կրթահամալիրի կացարաններում ապաստանեցին մոտ 80 փախստական արցախցիներ, իսկ Աշոտ Բլեյանի կոչով, մոտ 200 արցախցի սովորողներ դարձան կրթահամալիրի սաներ: Նրանք շատ արագ ինտեգրվեցին կրթահամալիրի ուսումնական գործընթացներում, որին գլխավորապես նպաստեց հեղինակային մանկավարժությունը, ամուր, միասնական ծնողական, աշակերտական և ուսուցչական համայնքանին և արդյունավետ գործողությունների կազմակերպումը:

«Մխիթար Սեբասնացի» կրթահամալիրի կարևորագույն ձեռքբերումներից է ծեսով ուսուցումը: «Ծեսեր համակարգելու այցեքարտ» հոդվածումս մանրամասն անդրադարձել եմ ծեսի այն միավորող հատկանիշներին, որով լուծվում են կրթական շատ խնդիրներ: Մեջբերեմ երկու հատված.

1.Ծեսը պարունակում է բազմաթիվ շերտեր, որոնք հանրակրթության մեջ պահանջում են տեխնոլոգիական, հայրենագիտական, բնագիտական, երաժշտական, մարզական, պատմական, լեզվական, համագործակցային տարբեր լուծումներ: 

2.Ծեսը դառնում է միավորող, համախմբում է մարդկանց, պահանջում իրար կապվող մտքեր, գաղափարներ, միասնական գործողություններ:

Պատերազմական իրավիճակում այս երկու մոտեցումները ևս չփոխվեցին:

Կրթահամալիրը իր ճկուն հեղինակային մանկավարժության շնորհիվ շատ նախագծեր կառուցեց և վերաձևակերպեց՝ ելնելով պատերազմական իրավիճակից և դպրոցում շատ արցախցի սովորողներ և ընտանիքներ ունենալու հանգամանքներից:

«Առավոտյան ուսումնական ժամերգությունները» որպես հոգևոր ամենուրբաթյա ծեսեր դարձան «Խաղաղության, խոնարհումի ժամերգություններ», որի ծրագրում ավելացան խաղաղության աղոթքներ, Քրիստոսի խաչելությանը և հարությանը նվիրված նոր շարականներ: Մասնակիցների կազմին միացան արցախցի ընտանիքներ, աղոթող շատ հավատացյալներ, սեբաստացիական ընտանիքներ: Խաղաղոթյան ժամերգությունները ևս մեկ անգամ վերահաստատեցին միասնական համայնքով աղոթելու կարևորությունը, որը բոլորին բերում էր հոգեկան հանգստություն, հավասարակշռություն:

Պատերազմական օերերի ամենաառաջին համակրթահամալիրային նախաձեռնությունը ծիսական էր՝ «Օրը իսկական Մուսալեռցիների հետ և ծիսական հարիսայի համտես հերոսապատումներով»: Նախագիծը խորհրդանշական էր՝ առաջին հերթին, որպես ազատագրական պայքարի օրինակ, հիշեցում և երկրորդը՝ հարիսան, որպես հաղթանակի ծիսական մատաղ, որը միավորում է հասարակությանը: Նախագծին մասնակցեցին պատմական Մուսալեռից գաղթածների իսկական ժառանգները, ովքեր ներկայացրեցին հերոսամարտերը, ծեսի բովանդակությունը և իմաստը:

Ծիսական հարիսան պատրաստվեց Մայր դպրոցի փառատոնային հարթակում գտնվող դարբնոցի վրա, որը հայկական նախնական հավատալիքային ընկալումներում համարվել է սրբազան տարածք, որտեղ դարբինը՝ ամպրոպի աստված Վահագն է, կռանի հարվածները՝ վիշապին հալածող կայծակները, որով հաղթվելու է վիշապը իսկ կրակը՝ մաքրագործելու և սրբացնելու է շրջապատում ամեն ինչ:

Հետաքրքիր է, որ այս սկզբունքից ելնելով ծիսական հարիսայի կաթսան դառնում է աշխարհը, իսկ ներսի հարիսան՝ փրկության և հաղթանակի խորհրդանիշ, որը սրբացվել է դարբնոցի կրակով:

Դժվար թե Վիգեն Ավետիսը և իր ընկերները դարբնոցի վրա հարիսա պատրաստելուց այս ամենի մասին գիտեին: Սա շատ հետաքրքիր զուգադիպություն է, որը փաստում է արտակարգ իրավիճակներում մարդկանց մտավոր, վարքային արխայիկից եկած արդի դրսևորումների և նրա բովանդակային կապի մասին:

Երգը, խաղը, խաղիկը համարվում է ծեսի ամենակարևոր բաղադրիչներից մեկը: Հերոսապատում երգերը, դյուցազներգերը, հայրենյան երգերը շատ ծեսերի, գործողությունների կարևոր մասեր են եղել, որոնք ունեցել են հատուկ նշանակություն, երգվել են հատուկ պայմաններում և կրել են խորը բովանդակային իմաստ: Պատերազմի օրերին հերոսական երգերը ինքնաբերաբար դարձան արդիական: «Հերոսապատում» նախագիծը դարձավ համակրթահամալիրային: Այս երգերի շուրջ հավաքվեցին շատ-շատ խմբեր: Իսկ դպրոցում արցախցիների առկայությունը՝ էլ ավելի սթափեցրեց և նոր իմաստավորում տվեց նախագծին:

Երգերը մտան դասարաններ, որից հետո՝ դարձան առավոտյան ընդհանուր պարապմուքնների, ուրբաթ-պարապմուքնենրի ծրագրեր, իսկ արձակուրդի օրերին՝ ընտանեկան ֆլեշմոբ անցկացնելու կարևոր բաղկացուցիչներ:

Իմ կարծիքով, հերոսապատում թեման բովանդակային՝ երաժշտատեքստային առումով բավականին դժվար յուրացրեցին կրտսեր դպրոցի 4-5-րդ դասարանների սովորողները: Արցախցի սովորողները առաջին իսկ օրվանից հերոսապատում երգերից դարձան առաջատարները և սեբաստացիներին ոգևորողները, որը ցավոք, չտեղափոխվեց սեբաստացիական ընտանիքներ: Ինչի արդյունքում էլ՝ ընտանեկան ֆլեշմոբին գրանցեցինք շատ փոքր թվով մասնակցություն:

Հավանաբար սա կարելի էր կապել պատերազմի հոգեբանական երևույթների և որևէ աշխատանք կատարալու մոտիավացիա չունենալու հետ:

Հերոսապատում նախագիծը արցախցի սովորողներին տվեց ոգի, կոտրեց ընկճվածությունը և մտերմացրեց մեզ: Նրանք հասկացան, որ մենակ չեն, իրենց հասկանում են, սխրանքները գնահատում և գովերգում:

Հետաքրքիր վերաձևակերպում և զարգացում ունեցան Սյուզի Մարգարյանի համակարգմամբ ուրբաթ-պարապմունքները՝ «Ազգագրական փառատոնով ուրբաթի հերոսական հարթակներ» նախագծով, որը իր մեջ ներառեց տեխնոլոգիական, հայրենագիտական, բնագիտական, երաժշտական, մարզական, պատմական, լեզվական, համագործակցային տարբեր նախագծային խմբերի, որի առանցքը դարձավ գլխավորապես ծեսը՝ իր խոհանոցով, երգով, ասիկով, բարեմաղթանքով, հավատալիքներին, սովորույթներին ուղղված ուսումնասիրություններով և այլն:

Նախագիծը շատ ծավալուն է և բազմաշերտ, որի արդյունքում յուրաքանչյուր սովորող, ելնելով իր հետաքրքրություններից, կարող էր մասնակցել այս նախագծի որևէ փուլին: Արտակարգ ուրբաթ-պարապմունքների ընթացքում եղան ծիսական շատ հետաքրքիր նախաձեռնություններ՝ արիշտա պատրաստել, թթու դնել, լավաշ թխել, խաղող քամել ու գովել, գինի պատրաստել, որոնք ուղեկցվեցին ծիսական երգ, պարով, խոհանոցով, ատրիբուտներով, տեխնոլոգիայի շնորհիվ միջավայրը ծիսականացվեց, մասնակի վեր հանվեց տարածաշրջանների բարբառները, ուսումնասիրվեց պատմությունը և սովորույթները, հավատալիքները:

Հոկտեմբերի 19-ից «Մխիթար Սեբասնացի» կրթահամալիրի բոլոր օղակներում սկսեց գործել Արցախ-Հայաստան համակեցության ճամբարը, որի մեջ մտան գլխավորապես արցախցի սովորողներ: Նրանց միացան նաև սեբաստացի սովորողները: Ճամբարականների հետ ուսումնասիրեցինք երկրագործի և հացի արարման երգերը: Ժենգյալով հացի պատրաստման և հացթխիկի ծեսերով ամփոփեցինք նախագիծը: Մեզ միացան նաև արցախցի կանայք և սեբաստացիական ընտանիքներ:

Արցախցի մի քանի ճամբարականներ մասնակցեցին նախակրթարանի խմբերի հետ Խաղողագովքի ծեսին:

Հետաքրքիր էր դիտարկելը ժենգյալով հացի պատրաստման ժամանակ արցախցի, երևանցի, սիրիահայ համերաշխ եռամիասնությունը, որտեղ չկար լեզվական, տարածաշրջանային, տարիքային, սոցիալական, սեռային որևէ խոչնդոտ: Այստեղ անսահման էր սերը և ոգևորվածությունը:

Ծիսական բարբառային երգերը, ասիկները, բարեմաղթանքները արցախցի ճամբարականները շատ արագ յուրացրեցին: Ծիսական խոհանոցը հավասարապես հետաքրքրեց մասնակից թե՛ աղջիկներին և թե՛ տղաներին:

Արտակարգ պայմաններից ելնելով՝ «Ծեսերի բաց լաբորատորիան» կրթահամալիրի պատվերով ստեղծեց «Հերոսապատում», «Խաղողածես», «Երկրագործի համար» ուսումնական փաթեթները, որի մեջ ներառվեցին երաժշտական, պարային, խաղային, ծիսական մի շարք մշակումներ: Նման փաթեթների ստեղծումը միտված էր երկրագործական, հայերանաճանաչության, հոգատարության, Հայաստան-Արցախ խաղաղ համակեցության տարբեր, հետաքրքիր, չկրկնվող նախագծերի իրականացմանը, որով պետք է հավասարապես կրթվի և՛ արցախցի, և՛ երևանցի սովորողները:

 «Հոգատարութուն» ուսումնական բաց, համակրթահամալիրային նախագիծը ևս ծնվեց պատերազմի օրերին:

Ուրախ եմ, որ թվարկածս բոլոր ծիսական նախագծերը որպես ամփոփում նույնպես ներառվեցին «Հոգատարություն» հումանիստական նախագծում և դարձան միավորող, համախմբող, միասնական գաղափարների և գործողությունների միտված կարևորագույն կրթական գործիքներ:

Որպես ամփոփում ասեմ, որ շատ ուսումնական նախագծեր, որոնք իրենց մեջ ունեն հնագույն ծեսերից եկած թեկուզ փոքր բաղադրիչներ՝ անվանում ենք ծեսեր: Շատ ծեսեր այսօր փոխակերպվել են, կորցրել իրենց սկզբնական իմաստը, վերաձևակերպվել են, խառնվել, փոխառվել, վերաիմաստավորվել: 21-րդ դարում մարդը ծեսը ընկալում է որպես էկզոտիկ, յուրահատուկ, հետաքրքիր երևույթ:

Մեր մանկավարժության խնդիրը ոչ թե հնագույն հավատալիքի, աշխարհընկալման, ծեսերի վերականգնումն է և տարածումը, այլև ծեսի ամենակարևոր իմաստների վերհանումը և ուսուցումը:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s