Համայնքը և հուշարձանը․ Հերմոն

ՀՀ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱ

ՀՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱԶԳԱԳՐՈՒԹՅԱՆ  ԻՆՍՏԻՏՈՒՏ

ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ

Աշխատանքը՝ ասպիրանտ Համազասպ Աբրահամյանի

Հետազոտական աշխատանքում մեր խնդիրն է ներկայացնել 1990-ական թվականներին հիմնադրված Հերմոն համայնքը, նորաստեղծ համայնքի բնակիչների ինքնության խնդիրները, մշակույթը, շեշտելով համայնքի բնակիչների գիտելիքներն ու վերաբերմունքը տարածքում գտնվող մշակութային ժառանգության անշարժ հուշարձաններին (Արատես, Հերմոն․․․)։

Ելնելով ժամանակաշրջանի պահանջներից հնագիտության տեսանկյունից կարևորվում է ուսումնասիրել ոչ միայն բուն հուշարձանը, այլև մշակութային ժառանգության և ներկա հասարակությունների միջև հարաբերությունները։ Այս տեսանկյունից արդիական է ուսումնասիրել այն գործընթացները, որոնք ծավալվում են հուշարձանի շուրջ։

Մեր առջև դրված խնդիրները լուծելու համար կատարել ենք որակական հետազոտություն օգտվելով խորին հարցազրույցների և փորձագիտական հարցազրույցների մեթոդներից։ Անցկացրել ենք մեկ ֆոկուսխմբային և երեք անհատական հարցազրույցներ հերմոնցիների հետ։ Փորձագիտական քննարկումներ ենք անցկացրել համայնքային հնագիտությունն ուսումնասիրող մասնագտների և ուսանողների հետ։

Ինքնությունը մարդու նույնականացումների համակարգն է, որը իր հերթին բաժանվում է երկու մասի՝ ազգայինի և սոցիալականի։ Սույն զեկույցի շրջանակներում անդրադառնալու ենք սոցիալական ինքնությանը, որի դեպքում մարդը նունականացվում է առաջին հերթին որպես տնտեսական և քաղաքական հարաբերությունների սուբյեկտ՝ այստեղից բխող արժեհամակարգով և բարոյականության մասին պատկերացումներով։

Մեր հետազոտության օբյեկտը Հերմոնի հուշարձաններն են, իսկ առարկան Հերմոն համայնքն է իր նորաստեղծ մշակույթով։

Համայնքի և հուշարձանի փոխհարաբերակցությունների խնդիրներով զբաղվելու համար վերջին տարիներին առանձնացել է մի գիտակարք՝ հանրային հնագիտությունը[1]:

Հերմոն գյուղը գտնվում է ՀՀ Վայոց ձորի մարզում և մաս է կազմում խոշորացված Եղեգիս համայնքի։ Մինչ 1988 թվականը գյուղը եղել է թուրքաբնակ և կոչվել է Ղավուշուղ։ 1990 թվականից սկսած գյուղը սկսել է վերաբնակեցվել Ադրբեջանից, Արցախից, Նախիջևանից բռնագաղթված հայերով, ինչպես նաև գյուղում են հաստատվել մի քանի ընտանիքներ հարևան համայնքներից։ Ներկայումս Հերմոն գյուղը ունի 212 բնակիչ։

Գյուղն ունի գեղեցիկ բնություն, ամբողջ երկայնքով հոսում է Արփա գետի վտակներից Արատեսը։ Գյուղը գտնվում է Եղեգնաձորից հյուսիս-արևելք, 16 կմ հեռավորությամբ, ունի իննամյա հիմնական դպրոց (9 ուսուցիչ և 16 աշակերտ), մշակույթի տուն, գյուղապետարան: Համայնքի տարածքը հարուստ է մի շարք մշակութային ժառանգության անշարժ հուշարձաններով, որոնցից մեր հետազոտության համար ընտրել ենք Արատեսը և Հերմոնավանքը։

Հերմոն գյուղից դեպի հյուսիս-արևմուտք գտնվում է Արատեսի վանքը: Այն գտնվում էր Մեծ Հայքի Սյունիք աշխարհի Վայոց Ձոր գավառում: Վանքի համակառույցը բաղկացած է իրար կից չորս մեծ, հինգ փոքր շենքերից: Հնագույն արձանագրություններում եկեղեցիներն անվանվել են ս.Սիոն, ս.Կարապետ և ս.Աստվածածին: Ենթադրվում է, որ այն հիմնադրվել է 7-րդ դարում, թեև ամենահին գրավոր տեղեկությունը 9-րդ դարի է: Գմբեթավոր եկեղեցին` ս.Աստվածածինը, կառուցվել է 10-րդ դարում, իսկ ս.Կարապետը` 11-12-րդ դարերում: Ուշագրավ է վերջինիս գավիթը, որի ճարտարապետը եղել է Սիրանեսը (13-րդ դար ): 13-րդ դարում Վայոց Ձորի իշխան Տարսայիճ Օրբելյանն Արատեսի վանքին է նվիրել մի քանի գյուղեր, որից հետո վանքը դարձել է Նորավանքի ամառանոցը: Իսկ 10-14-րդ դարերում այն եղել է գրչության խոշոր կենտրոն[2]:

Իսկ ահա գյուղից հարավ-արևմուտք, լեռան վրա բազմած է շքեղաշուք Հերմոնի վանքը /Կնեվանք/: Այն եղել է Սյունյաց աշխարհի կրոնական, մշակույթային նշանավոր կենտրոն: Հերմոնի վանքը 936 թվականին հիմնադրել են Սյունյաց գահերեց իշխան Սմբատը և Հակոբ եպիսկոպոսը: 1338 թ. այստեղ է հաստատվել Եսայի Նչեցու աշակերտ Տիրատուր վարպետը և հիմնադրել նոր դպրոցի` Հերմոնի վանքի դպրոցը, որը գործել է մինչև 15-րդ դարի վերջը: Հերմոնի վանքում շուրջ հարյուր տարի գործել է գրչության դպրոցը, որտեղից մեզ են հասել մեկ տասնյակից ավելի ձեռագրեր, մեկնություններ[3]:

Բացի մշակութային անշարժ հուշարձանների առատությունը, Հերմոնի մյուս առանձնահատկությունը բնակիչների տարբեր հատվածներից տեղափոխված լինելն է, որ ապահովում է հետաքրքիր մշակութային բազմազանություն և համադրություն։

Հերմոնի բոլոր վերաբնակիչները իրենց հետ բերել են իրենց բառբառները և ավանդույթները, բայց հիմնական գերիշխողն է տեղական բառբառն ու ավանդույթները։ Օրինակ Նախիջևանի Ձնաբերդ համայնքում քահանա չի եղել, և սգո արարողություններն էլ կատարվել են առանց հոգևորականի, համեստ չափերի և կարճատև հոգեհացով, իսկ կանայք մասնակցել են բուն թաղման արարողությանը։ Գալով Հերմոն ձնաբերդցիները հարմարվել են տեղական ավանդույթներին և թաղման ծեսն էլ կատարում են տեղական ավանդույթով․ հոգևորականի ուղեկցությամբ, հոգեհացի մեծ սեղանով, իսկ կանայք չեն գնում գերեզմանոց։

Բառբառի առումով հիմա արդեն հերմոնցիները խոսում են տեղական բարբառի ավելի մեղմ արտահայտված տարբերակով, ավելի մոտ գրական հայերենին։ Բայց ամեն դեպքում հիմնականում տիրապետում են իրենց բարբառնռրին, որոշ դեպքերում նաև իրենց հարևանների բարբառներին։

Վերաբնեկեցված հերմոնցիները տեղի մշակութային ժառանգությանը և հայտնի հուշարձաններին ծանոթացել են հիմնականում տեղացիներից, համացանցից, գրականությունից և հետազոտող անհատներից, հիմնականում հենց իրենց անձնական նախաձեռնությամբ։

«Որտեղի՞ց ես» հարցին հերմոնցիները իրենց գյուղում պատասխանում են այն բնակավայրով, որտեղից բռնագաղթվել են։ Եղեգիսի կիրճի մյուս բնակավայրերում  ներկայանում են որպես հերմոնցիներ/ղավուշուղցի։ Իսկ ավելի հեռու շրջաններում՝ Եղեգիսցի կամ Եղեգնաձորցի։

Հերմոնցիների հավաքական ինքնության համար մեծ նշանակություն ունի 2015 թվականի հուլիսի 5-ին գյուղահայաց ժայռերից մեկի վրա գյուղացիներից մի քանի հոգու նախաձեռնությամբ տեղադրված մեծ խաչը։ Խաչը տեղադրել են Սունյաց թեմի առաջնորդի օրհնությամբ, ուղեկցող մատաղի արարողությամբ և ամբողջ գյուղի մասնակցությամբ։ Ամեն տարի այդ նույն օրը գյուղացիները նշում են որպես իրենց գյուղի ծնունդ։

Չնայած ժայռի վրա տեղադրած նոր խաչի կարևորությանն ու գյուղի ծնունդն էլ այդ խաչի հետ կապելուն, հերմոնցիների համար հիմնական սրբավար է հանդիսանում Արատես վանքը։ Որտեղ և կատարվում են հիմնական մատաղի արարողությունները և մոմավառությունները։ Այնուամենայնիվ պսակադրությունները, կնունքները և այլ եկեղեցական արարողությունները հերմոնցիները անցկացնում են Եղեգնաջձորում, Նորավանքում, կամ տարածաշրջանի մեկ այլ գործող եկեղեցում։ Հերմոնավանքում, Քարևանքում և համայնքի վարչական տարածքում գտնվող մյուս հուշարձաններում արարողություններ և մոմավառություններ չեն կատարում։

Շրջանի գյուղերից Հերմոն տեղափոխվածների համար ամեն դեպքում, որպես սրբավայր իրենց կարևորությունը չեն կորցրել նախնական բնակավայրի սրբավայրերը։ Օրինակ Շատինից տեղափոխված հերմոնցու համար որպես ուխտատեղի է ընկալվում Շատիվանքը, հետո նոր միայն Արատեսը։

Այսպիսով այս փոքր հետազոտական աշխատանքը կարող է մաս հանդիսանալ Հերմոն համայնքի հուշարձանների հետազոտման, այդ աշխատանքներին բնակիչներին ընդգրկելու, այս ամենն համայնքի շահերին և հուշարձանի հանրահռչակման աշխատանքներին ուղղելուն։ Արևմտյան մի շարք երկրներ իրականացրել են շատ մեթոդաբանական ծրագրեր, որոնք խթանել են համայնքի ներսում զարգացումը[4]:

Օգտագործված գրականության ցանկ

1․ Դեմիրճյան Մ․ Քաղաքացիական ինքնության զարգացումը ժամանակակից հայ հասարակությունում., https://www.panorama.am/am/news/2013/09/19/movses-demirchyan/440692

2․ Մկրտչյան Տ., Վայոց ձորի պատմության նոր էջեր. Վերին Նորավանքի տեղը, Շատիկի անապատ կամ Շատի վանք, Երևան, 2017:

3․ Community archaeology, https://en.wikipedia.org/wiki/Community_archaeology, 15.02.2021.

4․ What is public archaeology? https://www.saa.org/education-outreach/public-outreach/what-is-public-archaeology, 14.02.2021.


[1] Community archaeology, https://en.wikipedia.org/wiki/Community_archaeology, 15.02.2021.

[2] Դեմիրճյան Մ․ Քաղաքացիական ինքնության զարգացումը ժամանակակից հայ հասարակությունում., https://www.panorama.am/am/news/2013/09/19/movses-demirchyan/440692

[3] Դեմիրճյան Մ․ Քաղաքացիական ինքնության զարգացումը ժամանակակից հայ հասարակությունում., https://www.panorama.am/am/news/2013/09/19/movses-demirchyan/440692

[4] What is public archaeology? https://www.saa.org/education-outreach/public-outreach/what-is-public-archaeology, 14.02.2021.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s