
Ավագ շաբաթը` Հյուսիսում
Ազգային ծիսական խաղեր՝ «Չիք, չիք», «Աղամ,աղամ», «Ինչ ենք անում, մուկն ենք բռնում»-ներկայացնում են 2.2 դասարանի սովորողները
Չորեքշաբթի հիմնովին մաքրել են տները, ամեն վատ, չար, պիղծ, հիվանդություն, կեղտ «չիք են արել»: Շուշեցի աղջիկները այդ օրը խաշխաշ հարելու քարը գետնին են քսել ու ասել.
Չիք, չիք, մուկը չիք,
Չիք, չիք, լուն չիք,
Չիք, չիք, կարիճը չիք,
Չիք, չիք, չարակամը չիք,
Չիք, չիք, հիվանդությունը չիք,
Չիք, չիք, օձը չիք…
Զանգեզուրում չիքը հարց ու պատասխանի ձևով էր արվում: Նախ` ամբողջ տունը դատարկել են, ապա կանանցից մեկը, քարը ձեռքն առած, բարձրացել է կտուրն ու երդիկի մոտ կանգնել, իսկ մյուսը` տան ներսում` երդիկի տակ: Տանիքին կանգնածը քարը տանում էր բերում երդիկի շուրջն ու հարցնում.
– Աղամ, աղամ…ի՞նչն աղամ:
– Մուկն աղա:
– Աղամ, աղամ…ի՞նչն աղամ:
– Քունջ ու պուջախի տակերն աղա…
Մարդիկ հմայական արարողությամբ ձգտել են ոչնչացնել չարը, անցանկալին: Այդ օրը հիշատակն է արարչության չորրորդ օրվա, երբ Աստված լուսատուներ դրեց երկնքի հաստատության ներսում և դրանով տվեց Արդարության Արեգակի` Քրիստոսի ծննդյան ավետիսը: