Ուսումնական առաջին շրջանի ամփոփում

Ուսումնական շրջանի ամենակարևոր ձեռքբերում եմ համարում «Մխիթար Սեբաստացի» մրցանակին արժանանալը:

«Մխիթար Սեբաստացի» մրցանակը ստացա ազգային, ծիսական նյութերի ուսումնասիրության, համացանցում ստացված արդյունքների տարածման, ուսումնական պրոցեսում  ներդնելու և «Ձայնադարան» կայքի գործարկման համար: Մրցանակը շատ անսպասելի էր և հարյուրապատիկ պարտավորեցնող:

Առաջին ուսումնական շրջանի հաջողված նախագիծ եմ համարում «Կաթնամթերքը՝ հայ ժողովրդական, աշխատանքային երգերում» նախագիծը: Նախագծի շրջանակում ուսումնասիրեցինք տարածաշրջանային խնոցիների շարք, որոնք չէին կատարվել կրթահամալիրում: Յուրաքանչյուր տարիքային խումբ ուներ իր նոր խնոցին՝ 1-ին դասարանցիները՝ «Հարի խնոցի», 2-3-րդ դասարանները՝ «Հա ձձում, հա կարագ», 4, 5-րդ դասարանցիները՝ «Տիկ զարկեմ» իսկ ուսուցիչները՝ «Խնոցի հարելու երգ»:

Նախագծի մեկնարկը տրվեց հոկտեմբերի վերջին: Ուսումնասիրեցինք ոչ միայն խնոցու մասին երգեր՝ այլև մածունի, յուղի, կարագի, պանրի թեմայով ժողովրդական երգեր, պարեր, խաղեր, խաղիկներ, բանաստեղծություններ: Այս նախագիծը դարձավ Հյուսիսային դպրոցի ուրբաթ-համերգի գլխավոր բովանդակությունը: Նոյեմբերի 26-ին՝ Հյուսիսային դպրոցի համակարգմամբ, տեղի ունեցավ «Հա ձձում, հա կարագ» ուրբաթ-համերգը, որին մասնակցեցին տարատաիք սովորողներ, դասավանդողներ և ծնողներ: Նախագիծը այսպես ամփոփվեց և ունեցավ դրական և բուռն արձագանք մեր գործընկերների, ծնողների և սովորողների կողմից:

Նախագծի շրջանակում իրականացրեցինք նաև ճամփորդություն դեպի գյուղ Բջնի, որի ընթացքում հարցազրույց ունեցանք 69 ամյա Սոֆիկ տատիկի հետ, ով մեզ հյուրընկալեց իր տանը, պատմեց մածուն, պանիր, կարագ ստանալու սովորույթների, ավանդույթների մասին, ցույց տվեց իր ձեռքերվ պատրաստած գյուղական համեղ բարիքները և հյուրասիրեց մեզ շատ համեղ մածուն և թարխունով պանիր:

Նույն նախագծով հոկտեմբերի վերջին ունեցա «Երաժշտական պարապմունքներ «Մուտքի ճամբարի» մասնակիցների հետ», որի շրջանակում ուսումնասիրեցինք կաթնամթերքի թեմայով երգեր, պարեր, ասիկներ և վերջին օրը «Առավոտյան ընդհանուր պարապմունք՝ ամփոփումով» ներկայացրեցինք մեր աշխատանքը: Թեման նույնպես դուր եկավ մասնակիցներին և արժանացավ բարձր գնահատականի:

«Կաթնամթերքը՝ հայ ժողովրդական, աշխատանքային երգերում» նախագծի շրջանակում Հյուսիսային դպրոցի ուսուցչական համույթը ներկայացավ «Հա ձձում, հա կարագ» և «Խնոցի հարելու» երգերով:

Այսպիսով, ամփոփելով կարող ենք ասել, որ նախագծի շրջանակում կարողացանք ուսումնասիրել և տարածել տարբեր տարածաշրջանի խնոցու երգերը, խնոցի ասիկները, խաղերը և կաթնամթերքի թեմայով խաղերգեր, կատարկերգեր, պարերգերը և պարերը: Ուսումնական նյութը խաղի, երգի և պարի տեսքով մուտք գործեց սովորողների առօրյա համալրվեց նրանց սիրելի ուսուցանված նյութերի շարքում:

Նախագիծը ընդհատվեց ամանորյա ծեսի նախապատրաստության պատճառով, բայց կարծում եմ, հունվարյան ազգագրության փառատոնը, ձմեռային, գարնանային տոները շատ լավ հարթակ կլինեն, որ այս նախագիծը զարգացնենք և ավելի հետաքրքիր արդյունքներ գրանցենք:

Առաջին ուսումնական շրջանում կարևորում եմ նաև համագործակցային նախագծերը:

Հոկտեմբերի վերջին Սարդարապատի միջնակարգ դպրոցի սաները եղան կրթահամալիրում: Հանդիպումը կայացավ Բլեյան կրթական ցանցի շրջանակում, «Բերքի տոն» նախագծով: Սարդարապատի սովորողները Հյուսիսային դպրոցում իրականացրեցին համատեղ տեխնոլոգիական, երաժշտապարային, ծիսական և ճանաչողական նախագծեր: Սարդարապատի դպրոցի հետ ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա Հյուսիսային դպրոցի 4-5-րդ դասարանների սովորողների հետ նոյեմբերի 17-ին փոխայցելությամբ եղանք  Արմավիրի մարզի,  Սարդարապատ գյուղում, որտեղ համատեղ իրականացրեցինք բերքի տոն, ուսումնական ժամերգություն, հնագույն արհեստներ և մասնագիտություններ նախագծերը: Երկուստեք պայմանավորվածությունների հիման վրա, որոշեցինք կրթական փոխանակումները շարունակել արդեն հունվարյան փառատոնի ընթացքում՝ գիշերակացով, հյուրընկալելով Սարդարապատի սովորողների խմբին նորից Հյուսիսում:

Առաջին ուսումնական շրջանում կարևոր եմ համարում նաև իմ համակարգմամբ մի քանի նախագծեր, որոնց արդյունավետ իրագործման համար չեմ խնայել ոչինչ՝ «Ուսումնական ժամերգություն», «Լիսիցյանական շաբաթ ստուգատես», սեպտեմբերյան «Կրթական շքերթ» և «Ամանորյա տոնախմբությունները Հյուսիսում», ցավոք, վերջինը չկարողացա լիարժեք իրագործել վատառողջ լինելու պատճառով:

Սեպտեմբերի սկզբին երաժշտության մասնախմբի անդամների հետ կազմեցինք «Ուսումնական ժամերգություն» նախագծի իրականացման ժամանակացույցը, մշակեցինք ուղեցույց և ընտրեցինք սուրբ Պատարագից նոր հատվածներ, որոնք պետք է ամփոփման տեսքով ներկայացնենք հունվարյան ազգագրության փառատոնի ընթացքում: Ամբողջ առաջին ուսումնական շրջանում հանրակրթական երգչախմբերը ներկայացրել են իրենց հոգևոր երաժշտաընթերցողական կտորները և կարող ենք ասել, որ պատարագի գրեթե բոլոր հատվածները սովորողներին արդեն ծանոթ են: Սեբաստացու օրերի շրջանակում, որպես փոքրիկ ստուգում հանդես եկան հանրակրթական երգչախմբերը պատարագի նոր հատվածներով և կարծում եմ, որ հունվարին ավելի համարձակ և ինքնավստահ կներկայցնենք նախագծի ամփոփումը:

«Լիսիցյանական շաբաթ» ստուգատեսը նոր մշակված ստուգատես էր, որը իրականցվեց «Մխիթար Սեբաստցի» կրթահամալիրում նոյեմբերի 20-27-ը: Այն նվիրված էր հայ ազգագրագետ, արվեստաբան, պատմական գիտությունների դոկտոր, պարային շարժումների գրառման գյուտի հեղինակ, պարային բանարվեստի հետազոտող, բանահավաք, պարագիտության հայկական դպրոցի սկզբնավորող, էթնոպարագիտության հիմնադիր և Հայաստանում պարարվեստի ուսուցման կազմակերպիչ Սրբուհի Լիսիցյանին: Քանի որ ստուգատեսը առաջին անգամ էր իրականացվում և կազմակերպման, ժամկետները սուղ էին ու սահմանափակ՝ ստացված և գրանցված արդյունքների մասին, կարող ենք խոսել ավելի ուշ՝ ի՞նչ տվեց այն սովորողին, ուսուցչին, ծնողին, ի՞նչ նյութեր ստեղծվեցին, որքանո՞վ դարձան կիրառելի, ովքե՞ր սկսեցին օգտվել այդ նյութերից, որքանո՞վ վեր հանվեցին այսօրվա պարային խնդիրները, արդյո՞ք ազգային պարը փոխանցվեց լայն զանգվածների, ովքե՞ր դարձան ստուգատեսի մասնակիցներ և այլն: Ամբողջական ամփոփումը՝ այստեղ….

Լիսիցյանական ստուգատեսի շրջանակում կարևոր համագործակցություն եմ համարում՝

Առաջին ուսումնական շրջանի կարևոր ձեռքբերում եմ համարում նաև Ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստումը: Հետաքրքիր հարթակ էր ինձ համար, որովհետև ես ներկայացնում և սովորեցնում էի իմ գործընկերներին երաժշտական հանրակրթության բաղադրիչները, ուսուցանման մեթոդները, երաժշտական հեղինակային մանկավարժության անռանձնահատկությունները և այլն: Վերապատրաստումներ անցկացնելը ինձ համար շատ կարևոր փորձառություն էր, որի շնորհիվ ես ձեռք բերեցի մանկավարժության մեջ նոր որակներ, դարձա ավելի ինքնավստահ: Ամբողջական ամփոփումը՝ այստեղ…..

Հետաքրքիր փորձառություն էր նաև հանրապետական «Լավագույնները» մրցույթի մասնակցությունը, որտեղ փորձեցի ներկայացնել Հեղինակային մանկավարժական ծրագիր՝ «Ուսումնական ժամերգություն» նախագիծը:

Շատ եմ կարևորում հատկապես ծիսական նախագծերը, որոնք իրականացրել մ սովորողների հետ առաջին ուսումնական շրջանում:

Առաջին ուսումնական շրջանի կարևոր աշխատանք եմ համարում իմ կողմից կատարված մշակումները, լրամշակումները, ամփոփումներ, փաթեթները, որոնք օգտակար են եղել ուսումնական պրոցեսը արդյունավետ կազամկերպելու համար:

Ուսումնական առաջին շրջանի ամփոփում ըստ ամիսների

Երաժշտության մասնագիտական խմբի 2021-2022 թթ. ուստարվա առաջին ուսումնական շրջանի ամփոփում:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s