
«Հակաբացիլ Կոմիտաս 2022» նախագծով հակաբացիլ տոնախմբություն Տերյանի այգում:
Նախագծի առաքելությունը ամենայն հայոց երգահանի` մեծն Կոմիտասի ստեղծագործությունները հանրայնացնել, տարածելն է` պահպանելով ազգային երգի բարձրաճաշակ միասնականությունը:
Օր՝ հունիսի 1
Ժամ՝ 12.00
Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 1-3-րդ դասարանների սովորողներ, ծնողներ, դասավանդողներ, հյուրեր, այլք
Վայր՝ Տերյանի այգի
Ծրագրում՝
Հակաբացիլ Կոմիտաս երգեր,
Հակաբացիլ Թումանյան, Աղայան, Խնկոյան ընթերցումներ
Ազգային խաղեր
- Այբ, բեն, գիմ
- Ձիուկ
- Արև, արև եկ, եկ
Առավոտը գյուղում
Արեգակը դուրս է եկել Պսպըղալով:
Շողքը երդից ներս է ընկել Շողշողալով:
Ծիտը ծառին կըչկըչում է Ծըլվըլալով:
Ձորումն առուն քչքչում է Վըշվըշալով:
Ծույլ տղայի քունն է տարել Խռըմփալով:
Տրեխները շունն է տարել Մըռմըռալով։
- Մանուկների հայր մեր
- Կաքավի գովքը
Ղազարոս Աղայան՝ «Ծիտը և բազեն»
Ծիտը ծառին ծլվլում է.
— Ծի՜վ, ծի՜վ, ծի՜վ.
Բազեն գլխին պտըտվում է.
— Վո՜ւյ, վո՜ւյ, վո՜ւյ…
Ծիտը լռեց, ծիտը վախեց.
— Վա՜յ, վա՜յ, վա՜յ…
Բազե՜, թը՜ռռ, բազե՜, թը՜ռռ.
― Հա՜յ, հա՜յ, հա՜յ…
Բազեն թռավ,
Բազեն փախավ,
Ի՜նչ լավ էլավ..
― Հե՜-հե՜-հե՜…
Ծիտի՛կ միտի՛կ, պիծի՛կ միծիկ,
Պըտպըտուրի՛կ, չըլպըլտուրիկ,
Դու լա՛վ պրծար չար բազեի
Սուր ճանկերից, հա՜-հա՜–հա՜…
- Հեյ իմ նազան
- Հոյ նազան
Աթաբեկ Խնկոյան՝ «Մեղու»
Պըզզան, պըզզան, Պըզպըզան,
Պստիկ մեղու տըզտըզան,
Դաշտ ու հովիտ կշրջես,
Բարձր սարեր կթռչես,
Սուսան սմբուլ կծծես
Ու ոտքերով թավամազ
Փոշի առած՝ տուն կգաս:
- Սոնա յար
- Գնացեք, տեսեք
Լուսաբացին (ժողովրդական)
— Ծուղրուղո՜ւ.
Աքլորը զիլ կանչեց թառին.
— Ճի՛կ-ճի՛կ, ճի՛կ-ճի՛կ,
Զարթնեց մթնում ծիտը ծառին։
Ծուղրուղո՜ւ.
Խոսեց ծեգին երկրորդ բերան.
— Հո-հո՜, հո-հո՜,
Նախիրն արդեն հանդը տարան։
— Ծուղրուղո՜ւ.
Լույսը բացվեց երրորդ կանչին.
— Վո՛ւյ-վո՛ւյ-վո՛ւյ-վո՛ւյ,
Նստեց նանը տեղի միջին։
- Էսօր ուրբաթ է, պաս է
Ազգային խաղեր Տերյանի այգում