Խաչքարային մշակույթ

ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏ

ՄՇԱԿՈՒԹԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԱՄԲԻՈՆ

ՌԵՖԵՐԱՏ

Առարկա՝ Խաչքարային մշակույթ

Թեմա՝ Վարդ վարպետը և նրա խաչքարերը

Մասնագիտություն՝ Մշակութաբանություն

Կուրս՝ մագիստրատուրա  2-րդ

Մագիստրանտ՝ Մաթևոսյան Հասմիկ

Դասախոս՝  պրֆ. Համլետ Պետրոսյան

ԵՐԵՎԱՆ 2020

11-րդ դարի վերջից սկսած մինչև 13-րդ դարի վերջերը խաչքարերի ծաղկման շրջաննւյմ էր: Խաչքարերը դառնում են ժողովրդական զարդաքանդակի վարպետ, տաղանդավոր կազմողների անսպառ եռանդի ու ջանքերի սիրված կոթողներ, որոնց վրա ամենանուրբ ու գեղեցիկ գծերով փորագրվում են բուսական ու երկրաչափական անհաշիվ մոտիվներ: Զարմանք ու հիացմունք են պատճառում դիտողին մոտիվների բազմազանությունը, նրանց կատարման տեխնիկան նրբությունը և դասավորման ճաշակը:

12-րդ դարի երկրորդ կեսի խաչքարային արվեստի զարգացմանը նկատելի են դառնում առանձին տարածքների խաչքարերի հորինվածքային լուծումների, թեմաների ու կերպարների միջև եղած տարբերությունները:

Պատմական Հայաստանի տարբեր մասերից մեզ հասած խաչքարերի քանակը միշտ չէ, որ բավական է՝  ամեն մի կոնկրետ պատմամշակութային տարածքում և ժամանակում խաչքարերի   զարգացմանը հետևելու համար:

Կարելի է ուրվագծել Հյուսիսային Հայաստանի (Լոռի-Տաշիր), Արագածոտն-Կոտայքի, Արցախի, Ջավախքի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի, Նախիջևանի դպրոցները: Այս բաժանումները պայմանական են, քանի որ խաչքարերի այս կամ այն խումբը կարող է ունենալ ավելի լայն կամ նեղ ընդգրկում, քան այս անունների պատմաաշխարհագրական ընդգրկումն է: Ավելի դժվար է խոսել Արևմտյան Հայաստանի խաչքարային դպրոցների մասին[1]:

Այն վարպետը, որը այս կամ այն գյուղում կամ վանքի մոտ խաչքարեր է քանդակել, նույն ժամանակներում մասնակցել է նաև այդ վայրում շինվող եկեղեցիների քանդակման աշխատանքներին: Նկատի ունենալով մեծամեծ հուշարձանների՝ բակերում կանգնած խաչքարերի զարդաքանդակների և ժամանակով նրանց մոտ շինված եկեղեցու զարդարված մասերի մոտիվների և ընդհանուր ոճի նմանությունները կարող ենք  երկուսն էլ նույն վարպետ-քարգործի ձեռագործը համարել: Այս հանգամանքը մեծ հնարավորություններ է ստեղծում մեկ կամ մյուս հուշարձանի թվականով՝ թվագրել մյուսը և հայտնաբերել վարպետին: Եվ որովհետև խաչքարերը մեծ մասամբ թվագրված են լինում, ուստի կարող ենք նրանց միջոցով պարզել մեծ հուշարձանների թվականները:

Խաչքարերի առաջնակարգ օրինակների դեպքում, երբ արձանագրական տվյալները բացակայում են կամ բավարար տեղեկություններ չեն պարունակում, դժվար է հիմնավորել դրանց տեղական դպրոցին պատկանելու հանգամանքը:

Հանրաճանաչ վարպետների ստեղծագործությունները հաճախ հայտնվում են երկրի տարբեր ծայրերում, դառնում ընդօրինակման առարկա և այսօր նման օրինակաների քննությամբ դժվար է պարզել դրանց հորինվածքների ծագման կոնկրետ աշխարհագրությունը[2]:

Հենց այս շրջանում, երբ խաչքարերը պարզ կոթող, հիշատակարաններից  վեր են ածվում արվեստի գործերի, նրանց կազմող վարպետների մեջ էլ զարգանում է արվեստագետի անհատականության վես զարգացումը և գերազանցապես անհատական աշխատանքի արդյունք հանդիսացող այս հուշարձանների վրա նրան կերտող վարպետը դրոշմում է նաև իր անունը, դա մի արժեքավոր սովորություն է, որին և մենք պարտական ենք ժողովրդական այդ տաղանդավոր ղեկավարին ճանաչելու գործում:

Տեղական կնիք կրող հատուկ դպրոցները, որոնք առաջ են եկել տաղանդավոր կազմողի ազդեցությամբ և երկար ժամանակ նկատվում են նրա աշակերտների և հետևողների գործում:

Եղվարդի գերեզմանատանը առկա են 12-13-րդ դարերի բազմաթիվ խաչքարեր, որոնց մեծամասնությունը չունեն արձանագրություններ: Խաչքարերն ունեն նկատելի շատ ընդհանրություններ՝ զարդամոտիվներ, քանդակման տեխնիկա, բուսազարդային և երկրաչափական զարդամոտիվային նույնանման ձեռագիր, նկատելի առաջ եկած քիվ, միանման, բարձր պատվանդաններ, գունավորումներ, որոնք խոսում են  տվյալ դարաշրջանում տվյալ տարածքի խաչքարային դպրոցի զարգացած ավանդույթների մասին:

Եղվարդի, Արամուսի, Ջրվեժի 12-րդ դարի խաչքարերում կան արձանագրություններ, որտեղ թվագրված է քանդակման տարեթիվ և վարպետի անունը՝ Վարդ-Վարդան:

Այն,  որ Ցախաց  Քարի ու Խծկոնքի ավանդույթը կենդանի էր մնացել, լավագույնս փաստում է 12-րդ դարի երկրորդ կեսին և 13-րդ դարի սկզբներին կերտված խաչքարերի մի մեծ խումբ, որը ծագում է Այրարատի կենտրոնական գավառների հուշարձաններից՝ Եղվարդ, Փարպի, Աշտարակ, Ջրվեժ, Արամուս, որոնց հորինվածքը համադրում է ելնդավոր կիսագլանիկով իրար կապվող կիսավարդյակը, ուղղաձիգ և հորիզանական արմավազարդերն ու եռաբողբոջ երկատումներով ավարտվող խաչը, դեպի խաչահատումն իջնող նռնաքանդակները, սովորաբար սեգմենտների բաժանված եզրագոտին  և բուսապտղային-այգային մոտիվներով զարդարված քիվը[3]:

Եղվարդում այս խմբի չորս խաչքարեր կանգնեցված են ընդհանուր պատվանդանի վրա(նկ.1):Խաչքարի առջև՝ դեպի արևմուտք դրված համապատասխան տապանաքարերից հյուսիսայինն իր հարավային կողին ունի 1160թ. արձանագրություն՝ Վարդան կազմողի անվան հիշատակությամբ:

Եղվարդի գերեզմանոցի դագաղաձև տապանաքարերից մեկի աննկատ մնացած արձանագրությունը հետաքրքիր է թե բովանդակությամբ և թե կետադրությամբ, ուր կետերն օգտագործված են բառանջատման և սղման նպատակով(նկ.2):

Արձանագրությունը վերծանվում է. Ի Թ[ՈԻ ]ԻՍ ՀԱՅՈՑ Ո_ԻՍ ԵԻ Թ(600+9+551 )=1160 ԿԱՆ[ԳՆԵՑ] ԱԻ Ս[ՈԻՐ]Բ ՆՇԱՆԱՆԻՍ Ի ԲԱՐԵԽԱԻՍՈԻԹԻ[Ի]Ն ՀՈԳ|ՈՑ ՍՈՑԱՑ ՊՏՏԿԱՆՍ ԵԻ ՀԵՏԵԻԱԿԻՆ ԴՈՐՈՒՄ. Տ[Է]Ր| Ա[ՍՏՈՒԱ]Ծ ՄԵԾ ՈՂՈՐՄՈՒԹ[ԻԻ]Ն ՊԱՐԳԵԻԵՍՑԷ ՍՈՑԱՑ ԵԻ ԿԱՐԱՊԵՏԻՆ |ՈՐ Է ՈՐԴԻ ՍՈՐԱ ԵՎ ՄԱԻՐ ԻԻՐՈՅ: ԱՐԴ, ՈՐՔ ԸՆԹԵՌՈՒՔ ԶԿԱԶ [Մ]ՈՂՍ ԶՎԱՐԴԱՆ| ՅԻՇԷ [Ս] ԶԻՔ Ի Ք[ՐԻՍՏՈ]Ս[4]:

Խաչքարախմբի չորս խաչասալերն էլ ուղղանկյուն են, քիվերը՝ առաջնեկ են, քանդակված բուսական զարդանախշային մոտիվներով:

Միասնական պատվանդանի վրա դրված չորս  խաչքարերից  հարավային կողմից առաջինը,  երկրորդը  սև տուֆից  են, երրորդը, չորրորդը՝ բաց նարնջագույն:

Սև տուֆից առաջինի, երկրորդ խաչքարերի վրա  կարմիր ներկը լավ է պահպանվել: Ներկը պահպանվել է մասնակի պատվանդանի եզրերի վրա:

Խաչասալի մակերևույթը  հյուսվածքով պատելը կարմիր, դեղին, բաց երանգի քարերի դեպքում շնորհիվ  լուսաստվերի խաղի որոշակիորեն ընկալելի է, սև տուֆի դեպքում, հորինվածքը վեր է ածվում մանրամասներում իրարից չտարբերվող փորվածքի: Դրա համար էլ քարերը ներկում էին կարմիր ներկով, որն էլ գաղափարականից զատ ստանում էր  նաև գեղագիտական նշանակություն:

Խաչքարախմբի բարձրությունն է 1.9 մ:  Հարավային կողմից առաջին, երկրորդ, երրորդ խաչքարերի լայնությունը  0.73 մ է, չորրորդինը՝ 0.9 մ, հաստությունը՝ 0.17 մ է:

Չորս  խաչքարերից  հարավային կողմից առաջինի,  երկրորդի, երրորդի կիսավարդյակից դուրս են գալիս  պարանահյուս  ժապավեններ, որոնք կապվում են խաչի հիմքից դուրս եկող  արմավազարդերին, իսկ չորրորդ խաչքարում չկա կիսավարդյակ, պարանահյուս, ժապավենները  միանգամից կապվում  են արմավազարդին և դառնում  հորինվածքի շարունակություն: Նկատելի է խաչքարի ներքևի մասի ամբողջական բուսականացումը: Հիմնախաչը  դառնում է  կենաց ծառի շարունակություն:

Հորիզոնական արմավազարդերը զանազան տեսքով ձգվում են դեպի վերև մինչև խաչի թևատակեր և կարծես կախվում խաչի հորինվածքից:

Նշված երեք խաչքարերի ուղղանկյուն մակերեսի վրա  խորանի ներգծումը ուղղանկյուն է իսկ չորրորդ խաչքարի  խորանի ներգծումը՝ կամարաձև:

Խաչքարերի անզարդ ետնախորքի վրա տեղադրված հորինվածքը զարդարման տեսանկյունից ավելի զուսպ են և լույսի ու ստվերի ուժեղ հակադրության ավելի հստակ ու ընկալելի:

Հիմնախաչը ունի ձգվածություն  դեպի ներքև: Ներքևի մասը ավելի երկար է: Խաչի աջ և  ձախ թևերը ավելի կարճ են:  Խաչի թևերը ավարտվում են քանդակված եռաբլթակ բողբոջներով, որոնք սրածայր են: Խաչը քանդակված է նուրբ բուսանախշային մոտիվներով:

Երեք խաչքարերի  հիմնախաչերի վերևի անկյուններում  քանդակված է  այգային մոտիվներ՝ ճյուղեր, տերևներ, պտուղներից՝ խաղող, իսկ չորրորդ խաքարում՝  խաչի վերևից կախված  արմավանման ճյուղեր:

Առաջին և չորրոդ խաչքարերի եզրագոտիները քանդակված են նուրբ ժապավենավոր, հյուսկեն  մանրամասնությամբ իսկ երկրորդ և երրորդ խաչքարերինը՝  մանր քառանկյուն հյուսկեն  մոտիվներով:

Խաչքարի ետևի մասում (նկ. 3)  չկան արձանագրություններ, սալը  հարթ է, նկատելի է վարպետի գործիքի աշխատանքի ուղղությունը՝ թեքությամբ  աջ,  ներքև:

Պատվանդանը գորշ մոխրագույն տուֆից է(նկ.4), ուղղանկյուն, վերևի մասը դեպի առաջ եկած եզրերով, որի հաստությունը 1.2 մ է: Պատվանդանի բարձրությունը 1.1 մ, հաստությունը՝ 0.8 մ, լայնությունը՝ 3.1 մ:

Պատվանդանի  չորս կողմերում  քանդակված  են կամարներ: Արևմտյան և արևելյան կողմերում  չորսական, հարավային և հյուսիսային կողմերում մեկական: Բոլոր կամարները սլաքաձև  ձգված են դեպի վերև, բացի մեկից՝ արևելյան կողմի  հյուսիսային կամարը, որը կլորավուն է՝ պայտանման:

Վարդ վարպետը քանդակել է մի խաչքար (նկ.5)  և մի տապանաքար, որոնք դրված է եղել Կոտայքի մարզի  Ջրվեժ գյուղի եզրին, դեպի հարավ-արևելք այգիների մեջ, ոռոգման ջրի համար զոհված Խաչատուրի գերեզմանի վրա: Արձանագրությունը փորագրված է ոչ թե խաչքարի, այլ նրա առջև դրված տապանաքարի վրա, որին էլ համապատասխանում է արձանագրության սկզբնամասը.

ԱՅՍ ՏՈԻՆ ՍԳՈ…..ԽԱ|ՉԱՏՐՈ, ՈՐ ՍՊԱՆԱԻ Ի| ՎԵՐԱ ՋՐԻՍ ՋՐՎԵԺՈ. ԿԻՍԱԻՐԵԱ. ԵԼԻ ՅԱՇԽԱՐՀԷ| ԹՈՂԻ ԿՍԿԻ|Ծ ԾՆՈՂԱՑ ԻՄՈՑ. ՈՐՔ ԵՐԿՐՊԱԳԷՔ| ՍԲ ՆՇԱՆԻՍ ՅԻՇԵՍՉԻՔ Ի ՏՐ.| ԹՎ. : :ՈՒԲ: ՎԱՐԴ: (1173)[5]:

Վերջին Վարդ անունը գրված է փակագծով և ավելի մեծ տառերով. Անշուշտ կազմողի ստորագրությունն է, որովհետև արձանագրության հետ կապ չունեցող անուն է և գրչությամբ շեշտված: Տապանաքարը երկթեք է և նրա հյուսիսային կողմին մնացել է չորս տող արձանագրություն, առաջին տողի կենտրոնական մասը ջարդված է:

Ջրվեժի խաչքարը մինչև 30-ական թթ. կանգնած է եղել Ջրվեժի հարավարևելյան ժայռամասի գերեզմանատանը: Այժմ այն գտնվում է Պետական պատկերասրահում, իսկ տապանաքարն ու պատվանդանը մնացել են գյուղում, իրենց տեղում: Գյուղացիք այն համարում են նահատակի գերեզման:

 Խաչքարի քիվն առաջնեկ է՝ նռան քանդակներով: Քիվի հյուսիսային հատվածի   նռան քանդակները վնասված են: Հիմնախաչը՝ բարձրաքանդակ է, հիմնախաչի վերին անկյունում՝ խաղողի ողկույզներ են: Խաչի եզրերը ավարտվում են եռաբլթակ, սրածայր բողբոջներով: Խաչի ներքևի հատվածի բողբոջները լավ չեն պահպանվել:

Հիմնախաչը  քանդակված է նուրբ բուսանախշային մոտիվներով:

Վնասված են նաև խաչասալի ներքևի մասի երկու եզրերը: Խաչքարը կիսավարդյակավոր է, որից դուս են գալիս  երկժապավեն հյուսվածք և  միանում՝ արմավազարդին: Հորիզոնական արմավազարդը  ձգվում է մինչև խաչի թևատակեր: Խաչքարի եզրագոտին   քանդակված  է  երկրաչափական  հյուսածո մոնրամասներով:

 Խաչքարը և նրա առջևում դրված դագաղաձև տապանաքարը կերտված են տեղական նարնջագույն տուֆից: Խաչքարի բարձրությունը 1.90 մ է, լայնքը՝ 0.90 մ, հաստությունը՝0.28մ: Պատվանդանը եղել է պարզ ու հասարակ, միակտուր խորանաձև քարից: Կոթողի հիշատակագրությունը, որը հրատարակվել է 4 անգամ, ոնի որոշ անճշտություններ ու թերություններ: Արձանագրությունը փորագրված է նրա երկթեք տապանաքարի հյուսիսային լանջին,  չորս տողով:

Նույն Վարդ-Վարդան կազմողի գործն ենք համարում Արամուսում (նկ.6)  4 եղբայրների կողմից 1165 թ. կանգնեցված զույգ  խաչքարերը (մեկն անհայտ) որոնք նռան ու խաղողի զարդագրությամբ (և ժամանակով) անչափ նաման են Ջրվեժի հիշյալ խաչքարին:

Սա հաստատվում է և Արամուսի 1165թ. նույնատիպ խաչքարի պատվանդանի հարավային կողի արձանագրությամբ, ուր որպես կազմող է հիշատակվում նույն Վարդը  (Կարախանյան 1979,  էջ 81-84,  ուր հեղինակը վրիպել է թվականը՝ 1205թ.): Հետագայում Սաղումյանը՝ նորից է հրատարակել Արամուսի արձանագրությունը՝ ցավոք  նույնպես վրիպել է թվականի  մեջ[6]:

Սաղումյանը այս խաչքարը համարում է  Հաղբատ-օձունյան ոճի, որտեղ նկատի է ունեցել հորիզոնական արմավազարդը, որը 13-րդ դարում լայնորեն տարածված էր Լոռու մի շարք խաչքարերում:

Արամուսում արձանագրված է և տապանաքարը և խաչքարի պատվանդանը: Այդ տվյալները հիմք են տալիս ենթադրել, որ դերևս հստակեցված չէր տապանաքարի և խաչքարի միջև արձանագրության տեղաբաշխման խնդիրը:

Խաչքարը բաց նարնջագույն  տուֆից է: Վնասված է խաչքարի վերևի մասը գրեթե  ամբողջությամբ: Վնասված է նաև պատվանդանի ներքևի՝ հյուսիսային հատվածը:

Խաչքարերի ուղղանկյուն մակերեսի վրա  խորանի ներգծումը՝ կամարաձև է: Հիմնախաչի վերին անկյունում՝ խաղողի ողկույզներ են: Խաչի եզրերը ավարտվում են եռաբլթակ, սրածայր բողբոջներով: Չի պահպանվել խաչի վերևի հատվածի բլթակները:

Ի տարբերություն Ջրվեժի և Եղվարդի խաչքարերի՝ Արամուսի խաչքարում առկա կիսավարդյակը ավելի մեծ է՝ քանդակված հյուսկեն բուսանախշերով: Այս խաչքարի եզրագոտին քանդակված է նուրբ  ժապավենավոր հյուսվածքով:

Նկատի ունենալով Եղվարդի խաչքարերի համարյա նույնականությունը Ջրվեժի և Արամուսի հետ, լիովին ընդունելի է Շահինյանի դիպողությունը, որ Վարդ-Վարդանի տակ պիտի հասկանալ նույն քարգործ վարպետին (Շահինյան 1984, էջ 40)[7]:

Այս խաչքարերի որոշ օրինակների վրա առաջին անգամ կարելի է վավերացնել ճարտարապետորեն ընդգծված՝ առաջեկ քիվի առկայությունը, երբ խաչասալի ճակատն առանձնանում է ոչ միայն քանդակազարդմամբ, այլև սալի ողջ մակերեսի հանդեպ ընդգծված առաջ եկած նեղ ուղղանկյուն ծավալով:

Իսրայելյանը կարծում էր , որ քիվի առաջացումը արդյունք է զուտ պրագմատիկ մոտեցման, որ կարիք է զգացվում պաշտպանելու այդ նուրբ փորագրությունը:

Քիվի առաջացման հիմնական պատճառը խաչի՝ որպես համընդհանուր միջնորդի կերպարի վերջնական ձևավորումն էր, ինչը ենթադրում էր նաև խաչքարային հորինվածքում երկրային (խաչից ներքև) և երկնային (խաչից վերև) ոլորտների պատկերագրական ձևավորում որոնց միջև էլ պիտի իրագործվի  խաչի սրբազան միջնորդությունը[8]:

Խաչի ծիսական կերպարի (որպես երկրպագության առարկայի) ձևավորումը հանգեցրեց խաչքարային հորինվածքում խաչի խորանայնացմանը: Զուտ խաչային հորինվածքն էլ ունի մի բնութագրական առանձնահատկություն՝ նրա ստորին մասում ամբողջական վարդյակների փոխարեն պատկերվում են կիսավարդյակներ: Այն մեծ հեռանկար չունեցավ, և խաչքարի թե համաժամանակյա և թե հետագա այլ խմբերում կիսավարդյակը հանդիպում է խիստ եզակի: Հորիզոնական արմավազարդը զանազան տեսքով կախված է խաչքարի հորինվածքից ու ոճից, որը որոշակի տարածքում ուներ հաջորդ 13-րդ դարերում: Ողջ խմբին բնորոշ է խոշոր, ոչ նրբահյուս քանդակը, ինչն առաջին հերթին թելադրված է տուֆի փափկությամբ: Տուֆի վրա խիստ նրբահյուս քանդակը մի կոմից հանգեցնում է խորանի ավելացմանը, մյուս կողմից՝  հորինվածքի ընկալման թուլացմանը:

12-րդ դարի երկրորդ կեսի Արագածոտն-Կոտայքի խաչքարային դպրոցների, վարպետների  ներդրած բարձրագույն ավանդույթները շարունակվեցին հետագա դարերում  էլ, որի ապացույցը կարելի է համարել նաև Եղվարդի գերեզմանոցում առկա  13-14-րդ դարերի հարուստ խաչքարային մշակույթը(նկ.7), (նկ.8) :


[1] Պետրոսյան 2007, էջ 132

[2] Պետրոսյան 2007, էջ 133

[3] Պետրոսյան 2007, էջ 133

[4] Սաղումյան 1978, էջ 71-72

[5] Բարխուդարյան 1963. էջ 140

[6] Պետրոսյան 2007, էջ 134

[7] Պետրոսյան 2007, էջ 134

[8] Պետրոսյան 2007, էջ 134-135

Նկարներ

Նկար 1. Եղվարդ, խաչքարախումբ 1160

Նկար 2. Եղվարդ, տապանաքարի արձանագրություն

Նկար 3. Եղվարդ, խաչքարախումբ 1160

Նկար 4.Եղվարդ, խաչքարախումբ 1160, պատվանդան

Նկար 5. Ջրվեժ, խաչքար  1173

Նկար 6. Արամուս, խաչքար 1165

Նկար 7, Եղվարդ, որմնափակ խաչքարեր 13-րդ դ

Նկար 8. Եղվարդ, խաչքարեր