«Պարերգեր. Երգ, շարժում, պար» նախագիծ-հոդված

16010400_243227702778974_1103674927_o«Պարերգեր. Երգ, շարժում, պար» նախագիծ

Յերգեցողությունը դնդերներու շարժում մըն ե, վոր կառաջանա համապատասխան զգացումներե: Մանուկն ինչ զգացումի տակ վոր ըլլա, այդ զգացումը կարտահայտե վորոշ յերգերովՅերգը ներքին՝ հոգեկան զգացումին արտահայտության մեկ ձեվն ե, ուրեմն շարժում մըն ե.պարն ինքնին շարժում մը ըլլալով, յերգը կզուգորդվի պարին հետ: Զգացումներն ինչ ուղղությամբ  վոր  ընթանան, յերգն ու պարն ալ նույն արտահայտությամբ  յերևան կուգան: Արդ կրնա ըմբռնվիլ, թե վորքան կարևոր են մանուկին դաստիարակության մեջ  յերգեցողության  ընծայվելիք հոգածությունն ու պարտավորությունը:

«Մանուկն ու պարը» Կոմիտաս

 

Ազգային երգը, շարժումը, պարը առաջնային դեր ունեն դպրոցականի գեղագիտական ճաշակի, ազգային գիտակցության բարձրացման, զարգացման, դաստիարակության, աշխարհընկալման գործում: Ճիշտ ընտրված ուսումնական նյութը   կարող է  սովորողի մոտ ծնել դրական և կարևոր որակներ ու հատկություններ:

Շատ անգամ մենք՝ դասավանդողներս, լրջացնելով և կարևորելով ազգային մշակույթը,  մոռանում ենք սովորողի տարիքային առանձնահատկությունների  մասին, ուզում ենք, որ նրանք էլ ազգային մշակույթն ընկալեն այն խորությամբ և լրջությամբ, ինչ մեծերը: Դրանից դասապրոցեսը կաղապարվում է և դառնում ստատիկ:

Տիար Բլեյանի դիտարկումը՝ երգի դասաժամը անցկացնել  ոտքի վրա կանգնած, անընդհատ շարժման մեջ, սկզբում զարմացրեց ինձ, բայց հետո մտածելու տեղիք տվեց:  Այդ մտորումներից ծնվեց  «Պարերգեր. Երգ, շարժում, պար» նախագիծը:

Սկզբում  կարծում էի, որ  կանգնած երգելը կարող է արհեստական և պարտադրված լինել: Ի ուրախություն ինձ` նախագծի ընթացքում սովորողների երգելու որակը բարձրացավ, խումբն առավել ակտիվացավ, կենդանություն առավ:

Ազգային երգը՝ իրեն բնորոշ պարով կամ պարային փոքրիկ դետալով,  նախնական քայլ է սովորողին ծանոթացնելու մշակութային արժեքների հետ:

Առանձին-առանձին պարերգեր երգելը կամ պարելը բավականին հեշտ էր: Առավել դժվար էր երգել և պարել միաժամանակ: Կրտսեր դպրոցականների մոտ դեռ մատորիկան, հիշողությունը  այդքան զարգացած չէ: Երգի և պարի ժամանակ նրանց  շնչառությունը չի հերիքում: Նրանք շատ շուտ հոգնում են: Նախագծի ընթացիկ փուլում այդ խնդիրները հաղթահարեցին չորրորդ և հինգերորդ դասարանցիները: Ավելի ուշ՝ երրորդները, հետո՝  երկրորդները:

Այն պարերգերի համար, որոնց պարը բարդ էր,  ընտրեցի փոքրիկ դետալներ, շարժումներ, որպեսզի  պարերգերը անհետաքրքիր չլինեն: «Մանդրիկ թփիկ ըռեհան» պարերգը պարեցինք «Տրնգու» շարժումներով: «Երևան բաղ եմ արել» -ի մեջ մտավ հայկական պարերին բնորոշ ճոճքը, ճկույթներով շուրջպարը: «Փափուռի»  պարերգը պարեցինք հենց «Փափուռի» պարով: «Հոփ թռին»՝ «Վերվերիով»: Մյուս պարերգերի մեջ  սովորողները ծանոթացան ձեռքերը  ճիշտ բռնելու, կողքի պարընկերոջը զգալու, զույգով պարելու ձևերը:

Առանց նվագակցության երգելը նախագծի սկզբնական փուլում  բավականին բարդ էր: Սովորողները երգի ընթացքում ինտոնացիոն շեղումներ և ռիթմիկ խախտումներ էին կատարում: Այդ թերությունը շտկվեց բավականին ուշ:

4-րդ և 5-րդ դասարանցիները տեխնոլոգիայի դասաժամին պատրաստեցին թաշկինակներ և ճակտոցներ հատուկ նախագծի համար:

Սեբաստացու օրերին 4.1 դասարանի սովորողները «Պարերգեր. Երգ, շարժում, պար» նախագծի շրջանակում ունեցան փոքրիկ համերգ-ներկայացում: Համերգի համար ընտրել էի 7 պարերգ, որոնք գեղարվեստական իմաստով կապված էին միմյանց հետ: Պարերգերի մեջ կար  և՛  շարժում, և՛  պար:

Որպես վերջնական արդյունք` ձմեռային ճամբարի ընթացքում  4-րդ և 5-րդ դասարանցիները համերգին ներկայացրին 10 պարերգ: Հունվարի 13-ին ամբողջ դպրոցը ունկնդիր-մասնակից էր «Պարերգեր. Երգ, շարժում, պար» նախագծի ամփոփմանը:

 

Leave a comment