Սուրբ Մարիամ Աստվածածնի վերափոխման կամ Խաղողօրնեքի ծիսական խոհանոց

Աստվածածնի վերափոխման օրը հայտնի է ուխտագնացություններով և մատաղներով: Տարածված են գառի, աքլորի մատաղները:

Խաղողօրնեքը հայտնի է նաև  խաղողի պաս անունով: Խաղողը ուտում են քահանայի օրհնությունից հետո:

Հնում այդ օրը բոլոր թոնիրները վառվում էին և կանայք ձեթով բոկեղ (կլոր կամ մանյակաձև անուշահամ հաց, նաև` սիմիտ, կիլիկհաց) էին թխում: Խաղողօրհնեքի բոկեղը պատրաստել են ձեթով և խաղողի պտղահյութով: Բոկեղի հոտը դառնում էր տոնի ուղեկիցը:

Կիրակի անպայման սմբուկով ու սիսեռով ճաշ էին եփում: Այս սմբուկը հավանաբար տարվա առաջին բերքն էր լինում: Այս ճաշատեսակն այնքան տարածված էր, որ հարևան թուրքերը Աստվածածնի տոնը «պատընճան պայրամ» (սմբուկի տոն) էին կոչում:

Կերակրատեսակների մեջ աչքի էր ընկնում մրգերի առատությունը, կաթնասերը, գաթան, հալվան, որոշ տարածաշրջաններում՝ հարիսան:

Բաղադրատոմսեր՝

Գաթա

Կես բաժակ յուղ,  1 ձու,  1 թ. գդալ սոդա,  ալյուր,  կես բաժակ ընկույզ,  կես բաժակ մեղր:  Հունցել խմորը, վերածել գնդերի, թողնել 10 րոպե  հանգչի: Այդ ընթացքում մանրացնել ընկույզը, խառնել մեղրի հետ, ցանկության դեպքում նաև դարչին ավելացնել: Բացել յուրաքանչյուր գունդը, քսել մեղրով և ընկույզով խորիզը, փակել, հարթացնել, ծակծկել պատառաքաղով և թխել:

Կլոր գաթա

Կես բաժակ յուղ, 1 բաժակ մածուն, 1 թ. գդալ սոդա,1 ձու, 2- 3 բաժակ ալյուր,  աղ:

Խորիզի համար՝ կես բաժակ յուղ, 1 բաժակ շաքարավազ 1 բաժակ ալյուր վանիլին:

Թասի մեջ լցնել հալած յուղը, ավելացնել մածունը, աղ, սոդա, ալյուր: Հունցել այնքան, մինչև դառնա փափուկ խմոր,ապա բաժանել երկու գնդի: Գրտնակով բացել, վրան քսել խորիզը: Խմորի եզրերը միացնել, տալ կլորավուն տեսք, երեսին քսել մածունի հետ խառնած ձվի դեղնուց: Պատառաքաղով նախշել, դնել ջեռոցը մինչև կարմրի:

Փոխինձով հալվա

1 բաժակ փոխինձ, 1 ճ. գդալ յուղ, 2 ճ. գդալ մեղր, ջուր, ընկույզ:

Փոխինձը յուղով, մեղրաջրով եփել մարմանդ կրակի վրա: Ավելացնել այնքան ջուր, մինչև ստացվի պինդ զանգված: Լցնել ափսեի մեջ, հարթեցնել, վրան ցանել ծեծած ընկույզ:

Արշտահալվա

1 բաժակ արշտա,  2 ճ. գդալ յուղ, 2 ճ. գդալ մեղր, կես բաժակ ջուր:

Բովել արշտան յուղով: Մեղրաջուրը եռացնել և լցնել արշտայի վրա և եփել մինչև ջուրն ամբողջությամբ ներծծվի: Սառչելուց հետո կտրատել:

Սիսեռով լցոնած սմբուկ

2 սմբուկ, 1 սոխ 1 ճ. գդալ յուղ, 1 ճ. գդալ լոլիկի մածուկ, կես բաժակ սիսեռ, կես բաժակ մածուն, կանաչի, աղ:

Սմբուկի կոթերը կտրատել, երկարությամբ ճեղքել և հեռացնել սերմը: Ապա սմբուկը գցել եռացող աղաջրի մեջ և քամիչով քամել: Սմբուկի մեջ լցնել լոլիկի մածուկի հետ սոխառած և եփած սիսեռ: Լցոնված սմբուկները դարսել յուղ քսած տապակի մեջ, վրան յուղ ցողել և խորովել: Վերջում վրան ցանել մանրացված կանաչի: Մատուցել մածունով:

Հարիսա

1 կգ ձավար, 1 կգ միս, աղ:

Մսի վրա ջուր լցնել, եռացնել և մաքրել վրայի փրփուրը: Խաշվող մսի վրա ավելացնել ձավարը և մարմանդ կրակով եփել, մինչև ամբողջությամբ փափկի: Եթե ցանկանում եք, որ այն լինի հարիսա, պետք է հարել, մինչև համասեռ դառնա: Ըստ ցանկության` մատուցել տապակած դմակով կամ կարագով, դարչինով կամ քիմիոնով և կարմիր պղպեղով:

Աղբյուրը՝ 

Հ. Խառատյան՝ «Խաղողօրհնեք»

Ankakh.com կայք

 

Leave a comment