Երեխայի լոգանքի հետ կապված ազգային, ավանդական սովորություններ

Լոգանքի հետ կապված սովորություններ

Հայկական լեռնաշխարհում նորածին մանկանը լողացնելու համընդհանուր սովորություններ էին ձևավորվել: Դրանց հիմքում ընկած էին միասնական կարգով հանդես եկող բուն ժողովրդական, աշխարհիկ, ապա նաև հեթանոսական ու քրիստոնեական ծիսային սովորություններ: Մշակվել էին ընդհանուր, նպատակային կանոններ՝ մանկական առողջության , մարմնակրթության և հարակից հարցերը հաշվի առնելով: Ստորև կտեսնենք դրանց վերաբերող այն նյութերի մշակումները, որոնք գրի են առնվել 19-րդ. դ. վերջերին և 20-րդ. դ. սկզբներին:

1.Լոգանք

Նորածին երեխայի լոգանքը Բալուում տատմերն էր կատարում: Այն կատարվում էր բարեխառն ջուր պարունակող տաշտակի մեջ: Տատմերը օճառի փրփուրով երեխայի մարմնի բոլոր մասերը լվանում, մաքրում էր: Դրանից հետո ձևավորելու համար բթամատով գլխի, ճակատի, քթի, ինչպես նաև ծնոտի զանազան մասերը մերսում, տրորում էր: Մատով երեխայի կոկորդամասն էլ դեպի վեր էր ճնշում, որով «քիմքը կվերցնե կըսեն»: Մի անգամ ևս օճառով լվանալուց հետո գլուխն առնում էր երկու ձեռքերի մեջ, չցնցելով կախում էր, որպեսզի պարանոցը կարճ չմնար: Հետո երկու ոտքերից բռնելով գլխիվայր էր կախում,որպեսզի սրունքներն ուղիղ լինեին: Ապա երեխային տաշտի մեջ մեջքի վրա պառկեցնում էր երկու-երեք անգամ թևերը խաչաձևում կրծքի վրա. այնուհետև՝ սրունքներից յուրաքանչյուրը փորի վրա էր ծալում այնպես, որ խնկները պորտին մոտեցնեին:

2.Մանկան առաջին մարզումը

Ակնում, մկրտությունից երեք օր հետո, երեխային տաք ջրով լողացնում էին: Երբ լողացումն ավարտման էր հասնում, մանկաբարձուհին ձեռքով երեխայի ճակատը շփում էր. «Լայն ճակատ լընիս»: Հետո հոնքն էր շփում և ասում.«Կամարով հունքվի լընիս»: Աչքը շփելիս ասում էր.«Խոշոր աչվի լընիս, երկայն թարթինչվի լընիս»: Քթի ծայրը սեղմելիս ասում էր.«պըզտիկ քնթիկ լընիս», բերանը շփելիս՝ «Պըզտիկ բերնակ լընիս.խապարթռոց չիլլիս»: Ապա երեխայի գլուխը երեք անգամ ջրից վեր բարձրացնելով և նորից ջրի մեջ դնելով ասում էր. «երկայն շըլլի լընիս»: Այս վերջին գործողությունը «երկայն պզիկ» էր կոչվում, որ հավանորեն «երկայն վզիկի» աղավաղումն էր:

3.Ջղլավզիկ

Ամեն օր տղան լողացած ժամանակ ճիտեն վերցնելով պզտիկ մը կը ցնցեն, ջղլավզիկ կնեն ջիղերը կազդուրելու համար. օրորոցեն հանած ժամանակ ալ թևերը խաչփակ բեռնելով փափուկ մը կը ձգձգեն, երակներն ու բազուկները արձակելու համար. կարգ մը այսպիսի խնամքներ ունին մանկանց սնուցանելուն:

Կային լոգանքի ժամանակ արտասանվող երգեր: Վանա մայրերն ու տատմերերը՝ երեխային լողացնելիս, պարանոցից կախ բռնելով արտասանում էին.

Թափեր ճրիկ,

Պռներ մսիկ,

Ջաղամաթի քյունը վեր քեյզիկ:

Թազա խարսներաց արթուն,

Թազա լաճուն էլնի քյուն….

4.Երկնավզիկ

Սովորության համաձայն, Սիսիանում նորածին երեխային տատմերը լողացնում էր ամեն օր, մինչև որ մայրը փոխարինում էր նրան: Դնելով մի ձեռքը երեխայի գլխին, իսկ մյուսի ցուցամատը նրա բերանը՝ երեք անգամ կոխում էր երեխային ջուրը և ասում.

«Երկընավըզիկ,

Թափ տա ջրիկ,

Վերցա մսիկ»:

5.Հերկնավզիկ

Նոր Բայազետում երեխային լողացնելիս բռնում էին նրա գլխից և բարձրացնում տաշտից, նորից իջեցնում, ասելով.

Հերկնավզիկ,

Թափ տու ջրիկ,

Շալկա մսիկ,

Ջաղամաթի,

Քունը քզիկ:

6.էրկան վզիկ

Սովորությունն Ախալքալաքում նույնն էր…

Էրկան վզիկ,

Թափ տու ցավիկ,

Շալկե մսիկ:

կամ

Օրն այսքան էրկըննաս,

Օրն այսքան էրկըննաս:

7.Թեթվաջրիկ

Հարքում երեխայի ծննդյան երկրորդ օրից սկսած տատմերն ամեն օր նրան տաշտի մեջ գոլ ջրով լողացնում էր և ապա երեխայի բոլոր անդամները մեկ առ մեկ քաշում, շփում, որպեսզի կանոնավոր ձև ստանային: Այնուհետև նա մանկան գլուխն առնում էր ձեռքերի մեջ, բարձրացնում էր ու իջեցնում երեք անգամ, ասելով,

Թեթվաջրիկ

Հերկեն վզիկ:

Վերջին միջոցառումը երեխային վիզը ծուռ կամ կարճ լինելուց ազատ պահելու համար էր:

8.Ճըղլավըզիկ

Վասպուրականում տատմերը երեխայի վիզը ձգում էր մեռոնից հանած ժամանակ, ասելով.

Ճըղլավզիկ

Փաթ տու ջրիկ,

Ջաղամաթի

Քունը քըզիկ:

Ճըղլավզիկ

Փաթ տու ջրիկ,

Ջաղամաթի

Միսը քըզիկ:

Ճըղլավզիկ

Փաթ տու ջրիկ,

Ջաղամաթի

Քունը քըզիկ:

Վարդ Բդոյան՝ Ազգային խաղեր 3-րդ հատոր. տեքստը հավաքեց՝ Հասմիկ Մաթևոսյանը

Leave a comment