Ռուդիկ Հարոյանի մասին. հուշեր, հիշողություններ, կարծիքներ….

Ռուդիկ հարոյանը իր կյանքի որոշ շրջանում աշխատել և ստեղծագործել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում:

1993 թվականին, կամովին հրաժարվելով ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում իր բարձր պաշտոնից, Երևանի պետական կոնսերվատորիայի ժողովրդական երաժշտական ստեղծագործության կաբինետի, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի երաշխավորությամբ և մասնակցությամբ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում հիմնադրում է հայ պարագիտության հիմնադիր «Սրբուհի Լիսիցյանի անվան ավանդական պարի դպրոցը», ըստ էության, առաջինը հանրապետությունում գործնականում իրականացնելով Կոմիտասի փափագը` ավանդական պարը դարձնել հանրակրթական առարկա:

Ռուդիկ Հարոյանի մասին հուշեր, հիշողություններ, կարծիքներ այդ շրջանում կրթահամալիրում աշխատող իր գործընկերների, աշակերտների կողմից:

Աշոտ Բլեյան-Ռուդիկ Հարոյանը նյութականացրել է այն, ինչ հանդգնել է բարձր ձայնով հայտարարել:

Մարինե Մկրտչյան-Ես (Մարինե Մաքսիմի Մկրտչյան) «Նիգ» և «Մասունք» համույթների ստեղծման օրից աշխատել եմ Ռուդիկ Հարոյանի հետ, եղել եմ երգուսույցը: Համատեղ աշխատանքի ինձ հրավիրել է անձամբ Ռուդիկը, որի անժամանակ մահվանից հետո չցանկացա աշխատել որևէ խմբի հետ: Ժամանակի ընթացքում ես իրականացրի ազգային ծեսերին նոր կյանքի կոչելու նրա երազանքը: Նրան ահավոր կաշկանդում էր բեմը, քանի որ ինքը  բնական, ֆոլկլորը խորությամբ կրող ու հասկացող ազգագրագետ էր և դժվարությամբ էր հաշտվում կյանքը բեմ հանելու մտքի հետ: Երեխաների հետ աշխատում էր երեխայի նման՝ նեղանում էր, հրճվում, երբեմն չափն անցկացրած ոգևորվում: «Նիգ»-ում աշխատելիս հայորդյաց տան հոգևորականներն անընդհատ տնօրինության միջոցով զգուշացնում էին՝ թող երեխաների հետ բեմ դուրս չգա: Դե՛, արի ու Ռուդիկին էդքանը կարողացիր ասել, հնարավոր չէր պատկերացնել պարաշարքն առանց նրա: Վառվում էր իր արածով, նրա համար դա աշխատանք չէր, այլ իր կյանքի էությունը: Եվ այդ կրակով էլ վառում էր բոլորին: Հաճախ էինք հանդիպում մեր կամ իրենց տանը, գնում իր աղջկա՝ Գոհարենց տուն, նրա տանեցիներին դարձնում մեր աշխատանքային խումբն ու փորձարկումներ կատարում (միասին մշակում էինք խաղերգեր, երգի ռիթմիկ նվագակցություն՝ շրխկան համույթի, «բնական նվագարանների» միջոցով): Մեզ, իհարկե, ըմբռնումով էին մոտենում՝ ժպիտը դեմքերին սիրով օգնում, քաջալերում, կարծիք հայտնում:
Այնքան եմ ափսոսում, որ շուտ հեռացավ կյանքից ու չմնաց մեր կողքին իր մանկան մաքուր, զուլալ հայացքով, հոգու կրակով, չարաճճիությամբ:

Այնքան եմ ափսոսում, որ մեր կողքին չկա Ռուդիկ Հարոյանը, ու միշտ չգիտեմ՝ ումով լրացնեմ այն մեծ դատարկը, որը մնաց նրանից հետո: Շնորհակալ եմ ճակատագրից, որ հանդիպել ու աշխատել եմ նրա հետ, «վարակվել» նրա ազգայինը պահելու, տարածելու տենդով:

Թամար Ղահրամանյան-Մեծ նվիրյալը՝ Ռուդիկ Հարոյան

Թանկ ու սիրելի մարդկանց մասին հեշտ չէ հիշողություններ պատմելը։ Ռուդիկ Հարոյանը՝ մեր տիար Ռուդիկը, մեկն էր մեր սիրելիներից։ Իմ հիշողության թաքուն ծալքերում նա ցայսօր էլ մնում է իբրև վեհանձն  ու առաքինի մարդու տիպար, իր գործի փայլուն գիտակ ու նվիրյալ, անսահման պարզ, շիտակ ու մտերմիկ անձնավորություն։

90-ականների սկզբներն էին։ Պարը քայլ առ քայլ դառնում էր կրթահամալիրի՝ այսօր արդեն «հեղինակային մանկավարժություն» ձևակերպումն ստացած կարևոր բաղադրիչներից մեկը։ Գաղափարի առաջամարտիկը, իհարկե, տիար Բլեյանն էր։   Անխտիր պարում էինք բոլորս, պարում էինք ոգևորությա՜մբ, ինքնամոռա՜ց, անսահման նվիրվածությամբ։ Այն ժամանակ կրթահամալիրում ավագ ու կրտսեր չկար․ բոլորս երիտասարդ էինք, հախուռն, վաղվա լուսավոր ապագայի երազանքներով տոգորված, ոգորումների պատրաստ։ Անտրտունջ հաղթահարում էինք ոգորումների ցանկացած ճանապարհ, որոնցից մեկն էլ մեր տոհմիկ պարերը ինքներս մեր մեջ բացահայտելու դժվարին, բայց ցնծությամբ հաղթահարելու ուղին էր։ Պիտի խոստովանեմ, որ պարն  իմ տարերքը չի եղել, տիար Ռուդիկին եմ երախտապարտ, որ ինձ համար ընկալելի դարձրեց մեր հայկական պարերի ոգին, ամբողջ հմայքն ու գեղեցկությունը։ Չէ՛, հեշտ չէր ստացվում ինձ մոտ պարելը, բայց մեր տիար Ռուդիկն  այնքան նրբանկատ էր, հոգատար, որ դժվարությունները վարպետ պարուսույցի կողքին արագ էին շրջանցվում։ Խոսում էր Գյումրու բարբառի ընդգծված առոգանությամբ։ Դիմելաձևի յուրահատուկ, ականջ շոյող  արտահայտություն ուներ՝ «հոգի՛ս», ասում էր բոլորիս ու ասում էր ի՜նչ գորովանքով ու սիրով։ Զարմանալի տղամարդ էր, զգայուն հոգի․․․։

Հիշում եմ, ինձ համար շատ անսպասելի բացահայտում էր, երբ իմացա, որ տիար Ռուդիկը մասնագիտությամբ տնտեսագետ է, ավելին՝ տնտեսագիտական գիտությունների թեկնածու։ Ախր, շա՜տ հեռու էին տնտեսագիտությունն ու պարը, հայկական պարը։ Մի բան պարզ էր, որ պարը նրա ոգու տարերքն էր,  ապրեցնող, կենսասեր երակը։ Ո՞վ գիտե, գուցե իր համար  էլ հեշտ չէր իր կյանքում տեղ գտած այդ երկու մասնագիտությունների արանքում։ Հոգու ու սրտի զբաղմունքը պարն էր, մտքինը՝ տնտեսագիտությունը։

Է՜հ, չգիտեմ էլ՝ ինչ ստացվեց գրածիցս, ի՜նչ եմ փոխանցում այսօրվա ընթերցողին մեր սիրելի երախտավորի՝ տիար Ռուդիկի մասին։ Վստահ եմ միայն, որ մեր պարերի մեծագույն գիտակն ու անխոնջ նվիրյալը լիաբուռն շաղ է տվել իր  իմացության, նվիրումի անհատնում սերմերը, որոնք այսօր սիրո, լույսի ու արարումի բազում ծիլեր են տալիս ու դեռ տալու են Հայոց աշխարհում, որ ամրացնելու ու ամրապնդելու է մեր տեսակը, հայի տեսակը։

Մարիետ Սիմոնյան -Երախտագիտության զգացումս մեծ է իմ պարի Ուսուցչի նկատմամբ: Առանց ոգեղենության չկա պար։ Պարը ներքին վիճակ է, ներքին զգացողության արտահայտություն։ Պարի մեջ քեզ չես կեղծի։ Պարը դու ես, քո ինքնությունն է, քո ,,Ես,,-ը։ Քո ոգին է, որ փոխանցվում է, ի հայտ է գալիս պարի հետ։ Ահա էսպիսի պարի փոխանցող էր Ռուդիկ Հարոյանը։ Ես չեմ հիշում, որ Ռուդիկը առանձին շարժում սովորեցներ, ռիթմիկ վարժանքներ աներ մեզ հետ, մասերի բաժաներ պարը, առանձին հատվածներով սովորեցներ։ Պարում էր Ռուդիկ Հարոյանը, ինքնամոռաց, թվում էր՝ բոլոր մկաններով, ամեն մի նյարդով։ Կարծես պարը արյան միջով անցնում էր ու վերածվում էր շարժումի, ռիթմի, թրթիռի։ Ո՞նց կիմանաս, առավել ևս ո՞նց կպատմես՝ ոնց էր պարում Ռուդիկ Հարոյանը։ Պարում էր Ռուդիկը, ու մենք պարում էինք նրա  հետ, նրանով հմայված, նրանով կախարդված։ Պարում էինք սկզբում աչքներս հառած իրեն, հետո կամաց-կամաց հայացքներս պոկվում էր Ռուդիկից, դառնում էինք ավելի ու ավելի ինքնուրույն, ավելի ու ավելի ինքնաբուխ, մեզ տանում էր պարը, պարի ոգին ու մոռանում էինք Ռուդիկին էլ, միմյանց էլ, աշխարհն էր։ Մնում էինք մենք ու մեր պարը։ Պարում էինք ինքներս մեզ համար, հանդիսատեսի լինել-չլինելուն անհաղորդ։ Պարի այ էսպիսի ուսուցման էր տիրապետում պարի մեծ վարպետը՝ Ռուդիկ Հարոյանը։

Նառա Նիկողոսյան-Հիշում եմ իր մեթոդական պարի մասին, որ ասում էր պարը հաշիվ չէ, այլ միտք: Չի կարելի հաշվել պարելու ժամանակ: Իմ մեջ մինչև էսօր էլ իր ասածը մնացել է: Հիշում եմ, որ Ռուդիկ Հարոյանը հիմնեց «Սրբուհի Լիսիցյանի անվան ավանդական պարի դպրոց»: Նրա աշխատելու տարիներին մեծ զարթոնք ապրեց պարը, ծեսերը: Բ4-ի մանկապարտեզի տնօրենն էր այդ տարիներին Անահիտ Առնաուլյանը: Ռուդը մանկապարտեզների հետ իրականացրեց Զատիկը, Բարեկենդանը, Դան-դանեդան թատերականացված ծեսը: Հատկապես մեծ էր Զատկական ծեսի արձագանքները: Հիշում եմ իր Զմփիկները, Դան-դանեդանները: Կարևոր էր նաև այն, որ նկարում և արխիվացնում էին ծեսերը: Սարգիս Մկրտչյանը օպերատորն էր: «Շաղիկ» հրատարակությունում տպվեց իր «Զատիկ» գիրքը: Հիշում եմ, որ իր մակագրությամբ նվիրում էր գրքերը բոլորին: Ես էլ ունեմ: Էդ գիրքը իսկապես այն ժամանակների համար մեծ աժոտաժ առաջացրեց: Այդ գիրքը ամենահաջողն էր: Կրթաամալիրից դուրս գալուց հետո էլ, գիտեմ, որ Ռուդիկը հրատարակեց այլ գիրք, որի անունը չեմ հիշում: Այդ գիրքը խրթին էր և հենց Ռուդն էլ ասաց, որ գիրքը չտարածվեց, որովհետև չփորձակվեց երեխաների շրջանակում: Չեմ մոռանում, որ Զատկի ծես իրականացրեց նաև Աշտարակում: Էդ նյութերը թվայնացված կան: Էնտեղ մասնակցում էին Տաթևը Ստեփանյան, Արմինեն Մնացականյան:

Լիլիթ Առաքելյան-90֊ականներն էր, դպրոցը եռուզեռի մեջ, շփվում էի բոլորի հետ, հատկապես ինձանից շատ մեծերի։ Ունեի արդեն լավ շրջապատ` Հարգելի Գայանե, Էստա, թատրոնի Գագոն, Լեյլա Կարապետյան, երաժշտության դպրոցի ողջ անձնակազմը, բայց առանձնահատուկ էր Ռուդիկ Հարոյանը:

Իր սենյակում էի միշտ նստում, որքան հիշողությունս չի դավաճանում Մարմարյա սրահի մոտ էր սենյակը։ Ռուդիկի էներգետիկան, առույգությունը, անհոգնել վիճակը վարակում էր բոլորին ։ Ես 6, 7 տարեկան էի և ինձ հետ ընկերություն էր անում, սենյակում նստում էի, ինչքան ուզում էի։ Ընկերություն էի անում իր աղջկա Գոհարի, փեսայի `Վարոյի հետ,ով իմ ֆիզկուլտուրայի դասավանդողն էր։ Սուլթանի ավտոբուսում տեղ չէր լինում, նստում էի Գոհարի գիրկը։

Հիշողությանս մեջ լավ տպավորվել է Աշտարակը, երբ գնացինք զատկական խաղերի ֆիլմ նկարելու։ Ես ֆիլմում արտասանելու կտոր ունեի, հիշում եմ, որ խոտերի մեջ զատիկ էինք փնտրում, որ ձեռքիս վրա դնեի ու արտասանեի, ահագին փնտրելուց հետո գտանք զատկին, դրեցին ձեռքիս ու սկսեցի արտասանել, արտասանելու ժամանակ զատիկը քայլում էր ամբողջ մարմնովս ու խուտուտ տալիս, ես էլ էդ խուտուտից սկսում էի անհանգիստ շարժումներ անել, ստիպված նկարահանումը դադարեցնում էին, նորից, մի քանի դուբլ նկարելուց հետո, որոշում ենք, որ զատիկը թող ուր ուզում է գնա, միայն թե ես շարունակեմ նայել ձեռքիս։ Ֆիլմը նկարելուց հետո բավականին ուշ երեկոյան վերադարձանք Երևան։ Անցան տարիներ, ես կասեի տասնամյակներ, միշտ փնտրում էի ֆիլմը, ինձ ասում էին դպրոցի արխիվում կլինի, բայց պատահական մի օր Ֆեյսբուքում դեռևս անցյալ տարի տեսնում եմ ֆիլմը, պատկերացրեք ուրախությանս չափը։ Ամբողջ ֆիլմը զատկական խաղեր են, ուսուցողական, ազգային և համախմբող խաղեր։

Երբ մանկություն եմ վերադառնում միշտ առաջ է գալիս Ռուդիկ Հարոյանը Աշտարակում, կրթահամալիրում, իր սենյակում:

Սվետա Ճաղարյան-Այդ տարիներին մենք աշխատում էինք առանձին թևում: Չեմ հասցրել շփվել հետը, ճանաչել: Մերը երաժշտական դպրոց էր: Բայց ասեմ, որ շատ ակտիվ էր պարը: Բոլորը պարում էին: Ռուդիկը շփվում էր բոլորի հետ: Լիլիթը քանի որ կրթահամալիրի երեխա էր, հիշում եմ, որ հրավիրեց Աշտարակի զատկին մասնակցելու: Լիլիթը ավելի շատ բաներ է հիշում Ռուդիկից: Ասում էր Ռուդիկը իմ ընկերնա: Հիշում եմ, որ Լիլոյին իր մակագրությամբ «Զատիկ» գիրքը նվիրեց:

Կարինե Պետրոսյան-Ես, որ եկա աշխատելու կրթահամալիրում Ռուդիկը արդեն երկու տարի էր, ինչ դուրս էր եկել: Բայց իր մասին շարունակում էին դպրոցում խոսել, խոսում էին պարի մասին: Բոլորը պարում էին ու շատ լավ: Իմ Բորիսը սովորում էր կրթահամալիրում և Ռուդիկը իրեն տարավ Աշտարակում Զատկի ծեսին մասնակցելու: Ափսոսում եմ, շատ, որ իրեն չեմ ճանաչել:

Լուսինե Փաշայան-Հուշեր Ռուդիկ Հարոյանի մասին

Ասում են՝ այն մարդիկ են առավել երջանիկ, ովքեր կյանքում գտնում են իրենց առաքելությունը, իրենց գործով աշխարհը դարձնում ավելի լավը: Այդ մարդկանցից էր Ռուդիկ Հարոյանը՝ մեր սիրելի ուսուցիչը, մեր տիար Ռուդիկը:

Մինչև հիմա հիշում եմ այն էներգիան, խանդավառությունը, որով նա անց էր կացնում պարապմունքները: Նա ապրում էր ազգային երգով ու պարով, կարողանում էր մեզ վարակել, ոգևորել, փոխանցել … նա չափազանց ազնիվ ու բարի էր, չափազանց համբերատար: Ոգևորելիս, ուղղորդելիս, անգամ բարկանալիս, սիրում էր ասել «Ձագս»: Ու ամեն ինչ ստացվում էր…

Տիար Ռոդիկը իսկական մանկավարժ էր: Լեզու էր գտնում խմբի տարատարիք սաների հետ, ամեն մեկին մի խաղի, պարի մեջ առանձնացնում, կարևորում: Խաղացնում էր մեզ՝ խաղալով: Ու իր խաղը բնական էր,իրական, սրտանց, ոգևորությունը՝ նույնպես: Մենք հավատում էինք իրեն:

Հիշում էր «Սուրբ Հարության» տոնին մեր պատրաստությունը: Սովորում էինք երգերը, խաղալով էինք սովորում, ուրախանալով, կատակելով: Խաղում էր մեզ հետ, կատակներ անում ծիծաղեցնում: էդպես էր սովորեցնում:

Ամենատպավորիչ խաղիկներ ու երգերը, որոնք սովորեցրել է՝

«Դան, դան, դանեդան» խաղիկը, «Զորի-զորին»՝ բազեի ու ճնճղուկների մասին, որն, ինչպես գիտեք, առանձին փաթեթով տպագրված է: «Հինգ էծ ունեմ ուլերով», «Խորոտիկ», «Էն դիզան», «Ճախրակի ոտ», «Թաքվորի մեր», «Ճուր կուգեր վերին սարեն», «Մըր տան ի դեմ», «Զմփիկ»:

Խաղիկներից՝ ձվակռիվները, ձուգլորոցիները, աքլորակռիվները, փետուրներով խաղերը:

Մի ուրիշ սեր ու հավես էր փոխանցում «Թաշկինակներով պար»-ը սովորեցնելիս:

Հիշում եմ, թե պարերի ժամանակ ինչքան էր կարևորում ոգևորության հետ մեկտեղ շարժումների կոկիկությունը, սրտանց ու խանդավառ շարժումների մեջ՝ զսպվածությունը: Ու շուրջպարերի ժամանակ կարևոր խորհուրդը, որը ես էլ փոխանցել եմ իմ սովորողներին. շուրջպարի, խմբային պարերի ժամանակ պետք է պարին միանալ վերջից, որպեսզի չխանգարես պարողներին:

Խմբով մենք նաև շրջագայում էինք: Բացի երևանյան դահլիճներում ելույթները, մեզ բախտ վիճակվեց տիար Ռուդիկի հետ մի քանի օրով լինել Արատեսում (առայժմ՝ միակ անգամը): Տիար Ռուդիկի, մի քանի օգնական-մայրիկների, այդ թվում՝ իմ մայրիկի, փոքր քույր-եղբայրների հետ մի քանի օրով (հստակ չեմ հիշում) եղանք Եղեգնաձորում: Համերգներ ունեցանք տարբեր գյուղերում: Հիշում եմ Սևակավան գյուղը, ուր հասանք բեռնատարով՝ մեր հագուստները կախիչներով մեզ հետ տանելով: Ի՜նչ ուրախ էինք մենք:

Տիար Ռուդիկի խմբում մեզ հետ աշխատում էր նաև Հասմիկ Հարությունյանը, դհոլչի Գուրգեն պապիկը, զուռնա նվագող պապիկի անունը չեմ հիշում, բայց իրեն հիշում եմ. ի տարբերություն  Գուրգեն պապիկի, որը փոքրամարմին էր, զուռնա նվագողը հաղթանդամ մարդ էր: Հիշում եմ նաև Արթուր անունով մյուս պարուսույցին, ով նույնպես պարի խումբ ուներ, տիկին Հռիփսիմեին՝ դեղին մազերով, շատ սիրուն հագուկապով: Ինքը ինձ մենապարել էր սովորեցնում:

Ընկեր Հռիփսիմեն հետաքրքիր էր մեզ, քանի որ շատ կանացի էր, գեղեցիկ հագնված, խնամված, սանրվածքը հիմնականում ցորենահյուս: Բոլորս մտածում էինք, որ ինքը շատ երիտասարդ աղջիկ է: Մի օր խմբի աղջիկներով իր մասին էինք խոսում, հիանում էինք, ու մեր խմբի Էմիլիան շատ համեստորեն ասեց, որ իր մայրիկն է: Չէինք հավատում:

Ես շատ էի ուզում, որ մեծանամ, իր նման լինեմ:

Հիշողություններիցս խոսքերով կարող եմ փոխանցել այսքանը: Բացի պատկերային հիշողությունից, կան նաև հուզական, զգայական հիշողություններ, որոնք անգնահատելի են և փոխաանցելը դժվար:

Շնորհակալ եմ

Leave a comment