2013-ի ձեռքբերումն՝ իմ մուտքն էր «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Ծաղկաձորում էի, երբ իմ շատ մտերիմ մարդկանցից մեկը զանգահարեց ինձ և խորհուրդ տվեց աշխատանքի համար դիմել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր: Շատ ուրախացա: Ոչինչ չէի լսել կրթահամալիրի մասին: Տեղի  «լավատես» կանանցից մեկն ասաց, որ հաստատ չեմ ընդունվի և ավելացրեց. «Քո նմաններն ե՞ն փորձել աշխատանքի ընդունվել, աղջիկ ջան»:
Մի տեսակ կոտրվեցի: Վախը սրտումս այցելեցի կրթահամալիր:
Իմ առջև բացվեց նոր աշխարհ, զարմանալի, առաջին հայացքից՝ տարօրինակ: Ամեն ինչ նոր էր, թարմ, ժամանակակից և խելացիորեն մտածված: Շատ էի տպավորված դասարաններով, մեծ-մեծ միջանցքներով, էլեկտրոնային գրատախտակներով, այսչափ մեդիատեխնոլոգիաներով: Աշխատողներն կարծես մի ընտանիքի անդամ լինեին` պարզ ու անմիջական: Չկար ոչ մի կողմնապահություն, ձևականություն, նախանձ: Հենց  դա  ինձ դուր եկավ:
Սկզբում մտածում էի, թե ի՞նչ կապ ունեն մեդիատեխնոլոգիաները և դաշնամուր երաժշտական գործիքն իրար հետ: Ես, որպես դաշնամուրի ուսուցիչ, ինչպես պիտի դրանք համատեղեմ: Ամիսների ընթացքում հասկացա, որ դրանք իրար շատ լավ լրացնում են:
Կրթահամալիրում սաներիս առաջին դաշնամուրային համերգից հետո ինձ գնահատված զգացի, ձեռք բերեցի ինքնավստահություն, ինքնագնահատականս բարձրացավ, ինձ կարևոր և օգտակար զգացի:
Աշխատանքային առօրյաս ավելի  հետաքրքրացավ, երբ  համալրեցի Հ. Թոփիկյանի ղեկավարած «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախմբի շարքերը :Շատ տպավորված էի նախօրոք մտածված և պլանավորված  երգացանկով, երգչախմբի համերգներով, շրջագայություններով:
Մինչ աշխատանքի ընդունվելը միշտ մտածել եմ, թե ի՞նչ հատկանիշ պետք է ունենա ուսուցիչը, որ ես իմ երեխաների կրթությունը վստահեմ նրան: Դասավանդելու հենց սկզբից, ինձ մոտենում էին ծնողներ, զրուցում և որոշում էին իրենց երեխաների կրթությունը վստահել ինձ: Անբացատրելի հաճելի  զգացում է, հպարտություն, երջանկություն: Այժմ իմ հրաշքները 12-ն են:
Կրթահամալիրը շատ ակտիվ է: Սկզբում մտածում էի, որ չեմ հասցնի այդ վազքին և հետ կմնամ: Ղեկավարների և դասավանդողների ճիշտ և ընկերական խորհուրդները օգնեցին լինել այդ վազքի մասնակիցը, մի օղակը:
Կրթահամալիրում անընդհատ երաժշտական համերգներ են: Պետք է միշտ լինել կազմ-պատրաստ, համերգային տրամադրվածություն ունենալ: Հենց սա էր իմ երազանքը: Լինել միշտ համերգների մեջ և աճել, որպես կատարող: Սա ստիպում է քեզ փնտրել, պեղել, գտնել, մտածել և հորինել:
Որպես կատարող հեշտ է հանդես գալ ուրիշի կազմակերպած համերգներին: Ավելի բարդ է լինել այդ համերգի կազմակերպիչը, ամեն ինչ դետալ առ դետալ մտածել, ընտրել նյութեր, նախապատրաստել կատարող սաներին: Սկզբում շատ անվստահ էի այդ հարցերում: Մի քանի համերգներ ասես  փորձեր  լինեին: Հիմա արդեն պատկերացնում եմ ինչ է պետք և՛ ինձ, և՛ սովորողներին, և՛  հանդիսատեսին:
Մեծ ձեռքբերում եմ համարում աշխատանքային բլոգի առկայությունը: Վիրտուալ աշխատանքային տիրույթից օգտվում են ծնողները, սովորողները, կոլեգաները: Պատկերացում են կազմում քո մտահղացումների, կատարվող և կատարվելիք աշխատանքների մասին: Սա միշտ զգոն է պահում քեզ, ստիպում է լինել ավելի ստեղծարար և նախաձեռնող:
Ինձ համար հպարտություն է աշխատանքային լավ կոլեկտիվի, երաժիշտ ընկերների, հրաշք սովորողների առկայությունը:
Ուզում եմ նոր ուսումնական տարին լինի նույնքան ակտիվ, հետաքրքիր, ուսուցողական, պրպտումներով, համագործակցություններով և համերգներով լի:

20131212_1426361421635_373620812784545_1844293822_n20131211_115427 

Leave a comment