Ծեսերի կազմակերպումը դպրոց-պարտեզում

Ծեսը հնուց եկած բովանդակային  գործողությունների շարք է , որը   խորհրդանշական ձևերով վերարտադրում է  ժողովրդի անցյալի կարևոր փուլում կատարված իրադարձությունները և դրանց միջոցով ապահովում ազգի, հասարակության միասնականությունը: Այն ավանդական կանոններին հետևելն է, որը նվիրում է,  ընտելացում տվյալ
կրոնին և արժեքների համակարգին, էթնոսին, պետությանը:

Լինելով երիտասարդ, ապրելով քաղաքային միջավայրում երբեք չեմ  ուսումնասիրել ժողովրդական ծեսերը, չեմ մասնակցել որևէ ժողովրդական ծեսի` պատկերացում չունենալով դրանց բովանդակային խորության մասին:  Մինչդեռ հոգևոր ծեսերին, ծիսակարգերին ծանոթ եմ, գիտեմ  իմաստային բոլոր մանրամասները,  խորհուրդները:

Կրթահամալիրի երաժշտության դասավանդող Մարինե Մկրտչյանի առաջարկով  «Ծեսը՝ ուսումնական գործընթացի կազմակերպման արդյունավետ միջոց» նախագծի շրջանակներում 2017 թվականի փետրվարին որոշեցի իրականացնել Բարեկենդանի ծեսը: Սկզբում  ծես ասելով պատկերացնում էի միայն երգ ու պար (նման օրինակով իրականացրել էի Տեառնընդառաջի ծեսը): Շուտով հասկացա, որ մուտք եմ գործել մի դաշտ, որի մասին բացարձակ պատկերացում չունեմ:

Բավականին երկար ուսումնասիրեցի ծեսը, դժվարացա, հիասթափվեցի: Նորը իմանալու ձգտումը, հետաքրքրասիրությունը, կրթահամալիրի դասավանդողների ունեցած փորձը օգնեցին իրականացնել Բարեկենդանի ծեսը: Այն դարձավ այցեքարտ մյուս ծեսերը ավելի համարձակ, հավեսով, համախմբված  և բովանդակային իրականացնելու համար:

Այն խնդիրները, որոնք դրել էի սկզբում իմ առջև, ապա` սովորողների, կարծես թե լուծված էին:

Արդյունքում, ծեսը իրականցրեցինք  նախակրթարանի խմբերում,  4, 5-րդ դասարաններում: Սովորողները  յուրացրեցին Բարեկանդանի երգերը, խաղացին ազգային խաղերը, պարեցին նոր պարեր, մասնակցեցին թատրոնի բեմադրությանը, կատարեցին սեփական իմպրովիզներ բեմադրության մեջ, ունեցան տարազային հանդերձանք:

Ծեսը  իր մեջ պարունակում է բազմաթիվ շերտեր, որոնք պահանջում են տեխնոլոգիական, հայրենագիտական, բնագիտական, երաժշտական, մարզական, պատմական, լեզվական, ծնողական լրացուցիչ կրթության լուծումներ:

Բարեկենդանի ծեսը կազմակերպելու ընթացքում հասկացա, որ միանձնյա ֆիզիկապես չեմ  կարող իրականցնել այն: Առանց վերը նշված լուծուների հնարավոր չէ: Ինչ-որ բան մնում է  թերի, ոչ հստակ:

Այսպիսով,  ծեսը դառնում է միավորող, համախմբում է մարդկանց, մտքեր, գաղափարներ, միասնական գործողություններ:

Զատկական ծեսը իրականցրեցինք այս մոդելով` կարևորելով  ծեսի նախապատրաստական աշխատանքները, հետո նոր բուն ծիսակատարությունը:

Քանի որ այս անգամ ծեսին մասնակից էր դարձել ողջ դպրոցը, ավելի հեշտ էր ըստ խմբերի բաշխել կատարվող գործողությունները: Իմ գլխավոր խնդիրն էր, ծեսի կազմակերպման և ուսուցման մեջ քչացնել դերակատարությունս:

Արդյունքում, մի քանի դասավանդողներով զատկածեսի մեջ մեկտեղեցինք այլ կրթական նախագծեր և որպես ամփոփում իրականացրեցինք դրանք. 1-3-րդ դասարանի սովորողների և դասվարների  հետ այցելեցինք Փարաքար գյուղի մանկապարտեզ կրթական ծրագրերի փոխանակում և  զատկական  ծեսի ամփոփում նախագծերով,  իսկ 4-5-րդ դասարանի սովորողների և դասավանդողների  հետ Զանգի Զանգի գեղեցիկդ իմ Զանգի նախագծով  ամփոփեցինք Զատիկը:

Նախակրթարանը Զատիկը ամփոփեց դպրոցի բացօթյա լանջերին:

Արտագնա ճամփորդությունների ժամանակ կամ բացօթյա տարածքում սովորողները դառնում են ավելի անկաշկանդ, ինչն էլ օգնում է  ծեսը իրականացնել ավելի արդյունավետ: Առանց նվագակցության երգն ու պարը բնական է հնչում, իսկ ազգային խաղեր կազմակերպելը դառնում է դյուրին:

Այսպիսով` ծեսը ստանում է կազմակերպման նոր ժամանակակից ձև, որն էլ այդքան գրավում է սովորողներին:

Ծեսերի իրականացման գլխավոր նպատակն է ազգային մշակույթի յուրացումը, երաժշտական ճաշակի զարգացումը:

Ամանորի ծեսը ուսումնական նյութերի և փաթեթների ստեղծման, ծնողական համայնքի ներգրավվածության, կազմակերպչական, համատեղ նախագծերի իրականացման, հայտնի անձանց  անմիջական մասնակցությանհամացանցում  ծեսի տարածման առումով ամենահաջողվածն էր:

Ծեսը իրականացրեցինք «Ամանորը Հայաստանի տարբեր շրջաններում» նախագծով, որի նախապատրաստական աշխատանքները  տևեցին բավականին երկար:

Արդյունքնում, սովորողները յուրացրեցին հայկական տարբեր տարածաշրջաններին բնորոշ երգերը, պարերը, ավետիսները, բարեմաղթանքները, ծիսական խոհանոցը, ծիսական գործողությունների առանձնահատկությունները, հանդերձանքը, բարբառը, քարտեզը և այլն:  Այս բազմազանությունից ծնվեցին և հետո ստեղծվեցին ուսումնական նյութեր, տեսադասեր,  որոնք հարստացրեցին կրթահամալիրի Երաժշտական ձայնադարանը: Սովորողների հետ ձայնագրեցինք  3 նոր ավետիս և դրանց հիման վրա նկարեցինք տեսահոլովակներ:

Ծնողներին ամանորյա ծեսի մեջ ներգրավելու համար  կազմակերպեցինք և իրականացրեցինք բազմաթիվ հավաք-սեմինարներ, որի ընթացքում էլ  ուսուցանեցինք ամանորյա երգեր, պարեր, ավետիսներ: Այս մեթոդը շատ արդյունավետ էր, որովհետև ծնողների ոգևորվածությունը բերեց մեզ աջակցելու պատրաստակամության, ինչն էլ հեշտացրեց մեր աշխատանքը:

Ծեսեր իրականացնելու առաջնային նպատակը ուսուցումն է, ապա` փոխանցումը և տարածումը:

Ամանորյա բուն  ծեսի   նախապատրաստական  փուլում  կրթահամալիրը իրականացնում էր հանրապետության  նախադպրոցական հաստատություններում աշխատողների  վերապատրաստում: Վերապատրաստվողներին ցույց տվեցինք, թե ինչպես ուսուցանել  ամանորյա ծեսից բխող երգերը, պարերը, խաղերը, ծիսական  գործողությունները և բերել այս ամենը  դեպի հանրակրթություն:

Սովորողներին ծեսը պետք է մատուցել դյուրին և մատչելի, նրան հասկանալի լեզվով և գրոծողությամբ: Նա  պետք է ծեսը ընկալի որպես հավես ինչ- որ բան, որի մեջ կա խաղ, հումոր, իր սիրած երգը, ոտանավոր, թատրոն:

Ամանորյա ծեսի նախապատրաստական կազմակերպված աշխատանքների շնորհիվ ունեցանք կոկիկ, հավաք, բովանդակային, ուսումնական ծես, որի շուրջը համախմբվեցին ծնողները, սովորողները, դասավանդողները և բազմաթիվ այլ հյուրեր:

Leave a comment