Բանգլադեշյան հունիսյան պլեներ 2019

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը 1989-ից սկսած անընդհատ եղել և մնում է  սովորական հայաստանցու  համար որպես անսովոր դպրոց՝ մարդու զարգացմանն ուղղված  հնարավորություններով, ուսուցմամբ և կազմակերպմամբ:

Տարին ունի 12 ամիս: Հայաստանի Հանրապետությունում ուսումնական տարին տևում է  ինը  ամիս: Ինչո՞վ է զբաղված սովորողը ամռան այդ երեք ամիսների ընթացքում:

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ամեն տարի հունիսին իրականացվում է «Բանգլադեշյան պլեներ», որին, բացի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի 7 հանրակրթական դպրոցների և քոլեջի սովորողներից, մասնակցում  են ՀՀ և Արցախի  տարբեր դպրոցներից սովորողներ և ուսուցիչներ: Մասնակցում են նաև Վրաստանից և Թուրքիայից ժամանած խմբեր:

Մասնակիցները նախագծեր են իրականացնում հունիսյան ստուգատես-փառատոների ստեղծագործական խմբերում՝

  • երաժշտական
  • կինո-ֆոտո
  • թարգմանական
  • թատերական
  • արտ-միջավայրի
  • մարզական։

Սրանցից յուրաքանչյուրը  ունի  հետաքրքրությունների իր շրջանակը, մասնակիցների իր ընտրանին: Պլեները լիովին համահունչ է ամբողջ տարվա գործունեությանը, ակումբային աշխատանքին:

Ստուգատեսի ընդհանուր անունը «պլեներ» է, որը ֆրանսերեն բառ է և նշանակում է «բացօթյա նկարչություն»: Պլեներն իր բնույթով կապված է արտաքինի հետ՝  բնության, բացօթյա մեծ, լայն տարածքների, ինչպես նաև  անծանոթ, նոր, շատ մարդկանց հետ ծանոթության և որ ամենակարևորն է՝  ներառականության հետ:

Բաց տոն-ստուգատեսները որոշված են կրթահամալիրի ուսումնական օրացույցով:

Բանգլադեշյան պլեները որպես  սովորողի ձեռքբերումների ցուցադրման հարթակ նպաստում է վերջինիս ճանաչողական, հետազոտական, համագործակցային հմտությունների և կարողությունների զարգացմանը, ինչպես նաև աշխատանքը դարձնում ավելի համակարգված և տեսանելի:

Բանգլադեշյան պլեները  դառնում է  ընտանիքի ձեռքբերում, որով այն ներգրավվում է ուսուցման գործընթացին և մասնակից դառնում ներառական կրթության իրականացման հարթակում:

Բանգլադեշյան պլեները որպես ուսուցչի ձեռքբերում՝ օգնում է առավել համակարգված, տեսանելի և իրական ներկայացնել կրթական ծրագիրը:

*********

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում հեղինակային մանկավարժական ծրագիրը անընդհատ մշակվում է և կատարելագործվում : 2019 թ. երաժշտական բաց տոն-ստուգատեսը աչքի կընկնի  նոր նախագծերով՝  «Կոմիտաս 150»,  «Ազգային, հանրակրթական օպերա»: Այս նախագծերը ձևավորվել են  նախորդ տարիների երաժշտական  նախգծերի հիման վրա՝ «Հակաբացիլ Կոմիտաս», «Ռեզոնանս», «Ազգագրության փառատոն» և այլն:

Պատահական չէ հետևյալ երկու նախագծերի ընտրությունը.

1.«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում հեղինակային մանկավարժական երաժշտության ծրագրի և ուսուցման հիմքում ընկած են Կոմիտասի մանկավարժական հիմունքները և մոտեցումները, նրա կողմից գրառած և մշակած  ազգային և ժողովրդական  երգերը:  Կրթահամալիրում, ըստ ուսումնական օրացույցի,  տարին սկսվում է Կոմիտասով՝  («Կոմիտասյան օրեր» նախագիծ)  և ավարտվում Կոմիտասով («Հակաբացիլ Կոմիտաս» նախագիծ) :  Շուրջտարյա նախագծերի ընթացքում էլ  կոմիտասյան նախագծերը առաջնային դերակատարում են ունենում:

Կրթահամալիրի տարբեր օղակներում  հեղինակային մանկավարժության շնորհիվ անդրադարձը Կոմիտասին կատարվում է յուրահատուկ, տարբեր,  անհատական մոտեցումներով, որից շահում է սովորողը, որի արդյունքում Կոմիտասը մտնում է ընտանիք, տարածվում է ավելի լայն շրջանակներում: Կոմիտասյան նախագծային ամփոփումները դառնում են համակրթահամալիրային, ինչու-ոչ, նաև՝ համաերևանյան:

Նախագիծը դառնում է միավորող և իր մեջ է ներառում կրթահամալիրի ծրագրերով հետաքրքված գործընկերներին: Շատ դեպքերում  կոմիտասյան  լույսի տարածումը դառնում է սեբաստացիական առաքելություն:

«Կոմիտաս 150»-ի  մեկնարկը լինելու է  հունիսյան «Բանգլադեշյան պլեների» ընթացքում: Նախապատրաստական աշխատանքները ընթանում են առանց լարման, արհեստականության: Անընդհատ  կրթական ծրագրերի փոխանակման, մեդիադաշտում կոմիտասյան երգերի հաճախակի հրապարակումների, կրթամշակութային-հայրենագիտական արշավների ընթացքում «Հակաբացիլ» թերթոնների տարածման շնորհիվ  «Կոմիտաս 150»-ը  հավակնում է դառնալ Կոմիտասի արվեստը ճիշտ և մաքուր մատուցելու, տարածելու, փոխանցելու յուրահատուկ կամուրջ,  որը հեղինակային կրթական ծրագրով հետաքրքրվողներին կբերի դեպի բաց, ազատ, առանց պատերի և սահմանների մանկավարժություն:

2. «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում  2014 թվականից ծեսերն էլ են որոշվում  հեղինակային կրթական ծրագրով և կազմակերպվում ուսումնական օրացույցով: Կոմիտասյան  մանկավարժական մոտեցումների  և  ազգային ծեսեր իրականացնելու կրթահամալիրային փորձը այցեքարտ է  «Ազգային, հանրակրթական օպերա» ստեղծելու համար: Կրթահամալիրի տարբեր օղակներում  նախապատրաստական աշխատանքները ընթանում են  համարձակ, հավեսով, համախմբված, բովանդակային, ստեղծագործական մթնոլորտում:  Կազմակերպման նոր և ժամանակակից ձևը գրավում է սովորողներին, հեշտորեն ներգրավում է ծնողական համայնքին և նպաստում համատեղ նախագծերի իրականացմանը:

Հունիսյան «Բանգլադեշյան պլեների» ընթացքում կրթահամալիրի տարբեր օղակներ կներկայանան իրենց «Ազգային, հանրակրթական օպերայով», որը կարող է դառնալ Բլեյան կրթական ցանցի գլխավոր կապող-միավորող հանգույցներից մեկը ինչպես Երևանում, այնպես էլ հանրապետության մարզերում՝ ընդգրկելով  մասնակից բազմաթիվ  խմբեր, համույթներ և ներառելով նախկին և նոր գործընկերներին, նորոգելով հին և վերագտնելով նոր կապեր:

Leave a comment