2018-2019 թթ. ուսումնական առաջին շրջանը բուռն էր, լեցուն տարբեր նախագծերով, ակնթարթներով, բացահայտումներով, ճամփորդություններով:
Սեպտեմբերին կրթահամալիրի Միջին դպրոցի ծրագրի ղեկավար Լուսինե Բուշից ստացա 6-րդ դասարանցիներին երաժշտություն դասավանդելու առաջարկ: Այս տարիների ընթացքում արդեն ունեի նախակրթարանի և կրտսեր դպրոցի սովորողների հետ աշխատելու փորձառություն: Որոշեցի փորձել ինձ այս տարիքային խմբի հետ էլ: Պատկերացրե՜ք, 6 դասարան՝ ամեն դասարանում մոտ 25-30 սովորող, շաբաթական 1 հատ 45 րոպե: Դե՜, ընկեր Հասմիկ, արի ու հիշիր բոլորի անունները: Հիմնական հանդիպածս դժվարությունը սա էր: Սովորողները նոր էին եկել Միջին դպրոց, նրանց համար էլ էր դժվար ծանոթ միջավայրից տեղափոխվել նոր, անծանոթ, ավելի լայն, ազատ միջավայր, ծանոթանալ նոր մարդկանց՝ դասընկերների և ուսուցիչների հետ: Սովորողների հետ կոնտակտը կարծես ստացվեց: Ինձ այդ հարցում շատ օգնեց կազմակերպիչ Վարդուհի Հայրյանը: Այս ամիսների ընթացքում 6-րդ դասարանում իրականացրեցի մի քանի նախագծեր, որոնցից հաջողված եմ համարում՝
1.«Ուսումնական ժամերգություն1, «Ուսումնական ժամերգություն2
2. «Յոթ անուն Կոմիտաս»1, «Յոթ անուն Կոմիտաս»2
3. «Ամանորյա երգեր, ավետիսներ, բարեմաղթանքներ» նախագծերը:
«Ուսումնական ժամերգություն» նախագիծը շնորհիվ իր պարբերականության և անընդհատության լայն աշխարհագրական տարածում ունեցավ:
Այս տարի կարևոր ձեռքբերում եմ համարում կրթահամալիրի Քոլեջի ակտիվ ներգրավումը ժամերգություններին: Իմ գնահատմամբ՝ Քոլեջը բավականին մեծ ուսումնական աշխատանք է կատարել նոր շարականների ուսուցման և հների որակական աճի առումով, որի մեջ կա և՛ Տաթև Բլեյանի սրտացավությունը և իհարկե՝ երաժիշտ Մարինե Մկրտչյանի հսկայական աշխատանքը:
«Ուսումնական ժամերգություն» նախագծի շրջանակում կարևոր աշխատանք եմ համարում չորեքշաբթի օրերին երկարացված օրվա կազմակերպիչների հետ անցկացրած երաժշտական սեմինարները:
Ուսումնական առաջին շրջանում ոչ միայն ուսումնական ժամերգություններ եղան Երևանի Սբ. Երրորդություն եկեղեցում, այլև՝ Սբ. Սարգիս և Սբ. Աննա եկեղեցիներում, Վայոց Ձորի , Արագածոտնի, Շիրակի մարզերում, Թուրքիայի Ստամբուլ քաղաքի մի քանի հայկական եկեղեցիներում:
1.«Ուսումնական ժամերգություն»՝ սեպտեմբեր, հոկտեմբեր
2.«Ուսումնական ժամերգություն»՝ նոյեմբեր
3.«Ուսումնական ժամերգություն»՝ դեկտեմբեր ամեիսների հաշվետվություններ:
Կրթահամալիրում աշխատելու յուրահատկությունը այն է, որ չես կարող դոփել նույն տեղում: Դու պետք է լինես անընդհատ փնրտրտուքի, բացահայտումների մեջ, լինես միշտ նոր, թարմ, հետաքրքիր: Ինչը իրականում բարդ է: Ի՞նչ անել, որ արածդ լինի ուսումնական, կրթական, ճաշակով, բայց միևնույն ժամանակ յուրահատուկ, տարբերվող: Այս մտորումների արդյունքում ծնվեց «Դյուցազնապատում» նախագիծը: Հյուսիսային դպրոցի ամբողջ թիմով անցանք աշխատանքի: Առջևում ունեինք մեդիաուրբաթ-համերգ: Պետք է ներկայացնեինք Հյուսիսը իրեն բնորոշ ճաշակով և փայլով: Մայրենի լեզվի դասավանդող Քրիստինե Շահբազյանը և դասվարները ընտրեցին ընթերցանության նյութերը: Ես էլ ընտրեցի հարմար երգերը և պարերը: Ընտրված թեման բարդ էր, բազմաժանր: Մենք չգիտեինք ինչպիսի արձագանք կունենա ներկայացումը: Բավականին երկար աշխատեցինք սովորողների, ծնողների, նյութին չտիրապետող դասավանդողների հետ: Նախագիծը իրականացավ համերաշխության և պատասխանատվության մթնոլորտում:
Ուսումնական առաջին շրջանի իմ ամենամեծ ձեռքբերումը համարում եմ «Դյուցազնապատում» մեդիաուրբաթ-համերգի համակարգումը և իրականացումը:
Նույն համերշխության մթնոլորտում Միջին դպրոցում իրականացրեցինք «Ավետիսներ» մեդիաուրբաթ-համերգը: Շնորհակալ եմ, որ դպրոցի ծրագրի ղեկավարը, կազմակերպիչները և դասավանդողները համերգի իրագործումը վստահեցին ինձ: Մեդիաուրբաթին ներկայացանք դպրոց-երգչախումբ նախագծով:
Ինչպես նախորդ տարիներին, այս տարի էլ մեդիուրբաթ-համերգներից, ծեսերից առաջ մի քանի անգամ ունեցանք ծնողական սեմինար-հանդիպումներ: Հանդիպման գլխավոր նպատակներից է ծնողներին ներկայացնել կրթահամալիրի կրթական ծրագրերը, համայնքին ներգրավվել դպրոցի ծրագրերի մեջ, ավելի մերձեցնել ծնող-սովորող-դասավանդող կապը:
Շատ եմ սիրում ճամփորդել սովորողներիս և գործընկերներիս հետ, բացահայտել նոր անձանց, բնավորություններ, վայրեր: Հետաքրքրական է ծնողների և այլ կրթական օջախնեում աշխատող գործընկերների արձագանքը, երբ հանդիպում են ճամփորդական այլ՝ սեբաստացիական մշակույթի: Չկա ավանդական դարձած քյաբաբ-խորովածային մշակույթը: Մեր ճամփորդությունները կրթական են, ամեն քայլափոխի ուսուցում է, բացօթյա դաս-պարապմունքներ, սովորողները խնամում են միջավայրը, մաքրում են իրենց հայրենի հողը աղբից, նրանք ճամփորդական են, թեթև հագուստով, խուրջինով և բրդուճներով: Չի եղել որևէ ճամփորդություն, որի ընթացքում բացահայտ զարմանքի և հիացմունքի չարժանանա այս ճամփորդական մոդելը:
Ճամփորդությունների ընթացքում կրթական ծրագրերի փոխանակումներ նախագծով այցելում ենք շատ դպրոցներ: Այս տարի Քրիստինե Շահբազյանի հետ համատեղ փոխանակումների ծրագիր իրականացրեցինք Արագածոտնի մարզի Կոշ գյուղի միջնակարգ դպրոցում: Նրանք փոխայցով խոստացել են գալ մեր դպրոց:
Տարեմուտին՝ Գոհար Եղոյանի գլխավորությամբ, Միջին դպրոցի նախագծային խմբով եղանք Թուրքիայի Ստամբուլ քաղաքի Գարագյօզէան հայկական վարժարանում, որտեղ կաղանդին ընդառաջ իրականացրեցինք բազմաթիվ կրթական նախագծեր:
Այստեղ էլ, որպես արդյունք կարող եմ գրանցել Ուսումնական ժամերգությունը Ղալաթիո Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում, որտեղ մեզ միացան բազմաթիվ ստամբուլահայեր: Այս նախագիծը իրոք միավորեց Հայաստանի և Պոլիսի հայերին: